Բավ է պառակտվել
08-07-2020 20:49

Ալիևը հակահայկական հայտարարություններով փորձում է թաքցնել ճգնաժամն ու անկումնային տրամադրությունները ․ՀՀ ԱԳՆ

Հայաստանի Արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունը: Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Խաթայի շրջան այցելության ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես է եկել Հայաստանին և հայ ժողովրդին ուղղված հերթական պատմական էքսկուրսով, Հայաստանի ներքին գործընթացների, ԼՂ խաղաղ կարգավորման վերաբերյալ մեկնաբանություններով և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանն ուղղված քննադատությամբ:

“Այս հարցով իմ գործընկերներն արդեն իսկ հանդես են եկել մեկնաբանությամբ: Պարզապես ցանկանում եմ հավելել, որ մի քանի շաբաթ առաջ Հայաստանում կորոնավիրուսի տարածման առնչությամբ չարախնդող նախագահ Ալիևն այսօր մեկուսացման մեջ գտնվող իր հասարակությանը դիմելու այլ խոսքեր չունի, քան «օգտակար թշնամու» կերպարի առաջբերումը: Հակահայկականությունն Ալիևի իշխանության պաշտպանության վերջին գիծն է, և դրա ետևում թաքնվելը լավագույնս բնութագրում է Ադրբեջանում զարգացող ներքին ճգնաժամը և հուսահատ տրամադրություններն”,- ասվում է ԱԳՆ հայտարարությունում:

Նաղդալյանը զավեշտալի է համարում այն, որ Հայաստանի ներքին քաղաքական զարգացումների, մարդու իրավունքների և ազատությունների մասին գնահատականներ է տալիս մի երկրի ղեկավար, որտեղ քաղաքական և տնտեսական իշխանությունը տասնամյակներ շարունակ գտնվում է մեկ ընտանիքի ձեռքում, որը միջազգային ասպարեզում բնորոշվում է որպես ռեպրեսիվ ռեժիմ:

“Հատկանշական է, որ նախագահ Ալիևն իր թշնամական և ռասիստական մեկնաբանություններով անպատասխանատու վերաբերմունք և արհամարհանք է դրսևորում նախևառաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից մեկ շաբաթ առաջ արված հայտարարության հանդեպ, որը պարունակում էր մտահոգություն թշնամական և սադրիչ հռետորաբանության առնչությամբ”,- ասվում է հայտարարությունում:

Նաղդալյանը հիշեցրել է վերջերս Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ ղարաբաղյան հակամարտությունը հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև մշտական թշնամանքի վերածելու փորձերը ձեռնտու չեն դրանցից ոչ մեկին: