Բավ է պառակտվել
24-09-2021 10:57

Ալիևն «առաջարկել է» Երևանին ընտրություն կատարել «համագործակցության» և «տարածքային պահանջների» միջև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանում իր ելույթում հայտարարել է Հայաստանի հեև խաղաղ պայմանագրի շուրջ բանակցություներ սկսելու պատրաստակամության մասին։

Միաժամանակ, Ալիևը պնդում է, որ Բաքուն «չի տեսնում Հայաստանի դրական արձագանքը»։

«Հակամարտությունն ավարտված է, և Ադրբեջանն արդեն ասել է Հայաստանի հետ խաղաղ պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին` սահմանազատման և սահմանագծման, 2 երկրների տարածքային ամբողջականության ճանաչման հիման վրա: Նման համաձայնագիրը կարող է խաղաղության և համագործակցության տարածաշրջանի վերածել մեր տարածաշրջանը։ Սակայն մենք դեռևս չենք տեսնում Հայաստանի դրական արձագանքը մեր առաջարկին»,- ասել է Ալիևը։

Խաղաղության և համագործակցության հաստատման նախադրյալներից կարող են դառնալ տրանսպորտային նախագծերը, նշել է Ադրբեջանի նախագահն՝ այս համատեքստում ևս մեկ անգամ բարձրացնելով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցը:

Հարկ է նշել, որ Բաքուն չի թաքցնում հայկական տարածքով ինքնիշխան միջանցք ձեռք բերելու իր ցանկությունը, որը «մայրցամաքային» Ադրբեջանը կկապի Նախիջևանի ինքնավարության հետ: Հայկական կողմը պնդում է, որ ոչ մի միջանցքի մասին խոսք չկա, քննարկվում են միայն տարածաշրջանում բոլոր տրանսպորտային հաղորդակցությունների փոխադարձ ապաշրջափակման հարցերը:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Բաքուն, հիանալի գիտակցելով նման ծրագրի անընդունելիությունը, միտումնավոր օգտագործում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» թեման՝ խափանելու տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման գործընթացը: