Բավ է պառակտվել
13-04-2021 14:25

Ալիևը մի շարք սկանդալային հայտարարություններ է արել Հայաստանի և տարածաշրջանի վերաբերյալ

Ադրբեջանի նախագահն անհանգստացած է հայկական բանակի արդիականացմամբ, ռևանշի հնարավո փորձերով, ինչպես նաև խոստանում է իր քաղաքացիներին «վերադառնալ» Երևան։

Բաքվում կայացած «Նոր հայացք Հարավային Կովկասին․ հետկոնֆլիկտային զարգացում և համագործակցություն» կոնֆերանսի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանի հետ հետագա հարաբերություններին, տարածաշրջանում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք սկանդալային հայտարարություններ է արել։

Եվ նորից Զանգեզուրի, Երևանի և Սևանի մասին

Այսպես, Ադրբեջանի Հանրապետության նախագահը հերթական անգամ Հայաստանի Սյունիքի մարզն անվանել է «Ադրբեջանի պատմական տարածք»։

«Մենք ուզում ենք, որ երիտասարդ սերունդն իմանա, որ Զանգեզուրն Ադրբեջանի պատմական հողն է»,-Ալիևի խոսքերն են մեջբերել են տեղական լրատվամիջոցները։

Ըստ նրա՝ այս շրջանը Հայաստանին է փոխանցվել 1920թ․-ին, իսկ մինչ այն «մեզ է պատկանել»։

«Գյոյչա լիճը նրանք անվանում են Սևան։ Բավական է նայել 20-րդ դարասկզբի քարտեզին, դուք այնտեղ չեք տեսնի Սևան։ Նույնը վերաբերում է նաև Իրևանին։ Նրանք քանդել են Իրևանի պատմական մասը։ Սա ակնհայտ փաստ է, ադրբեջանցիները, ներառյալ՝ իմ նախնիները, ապրել են այնտեղ»,-հայտարարել է նա։

Ալիևը խոստացել է, որ ադրբեջանցիները կվերադառնան այնտեղ, բայց «ոչ տանկերով»։

«Եթե մենք վերադառնում ենք Զանգեզուրի միջանցքին, եթե օգտագործում ենք այդ ճանապարհն, ապա ինչու՞ չվերադառնալ նաև Իրևան։ Կգա ժամանակը, և մենք դա կանենք»,- հայտարարել է նա։

Ռուսաստանի աջակցությամբ հայկական բանակի արդիականացումն անհանգստացնում է

Ադրբեջանի նախագահին անհանգստացնում և հարցեր են առաջացնում Ռուսաստանի աջակցությամբ հայկական բանակի արդիականացման պլանները։

«Մենք մեր դիրքորոշումը հայտնել ենք մեր ռուս գործընկերներին։ Ինչի՞ համար է դա արվում։ Ռևանշի հասնելու ցանկացած փորձ վճռականորեն կկանխվի»,-ասել է նա։

Նրա խոսքով, ադրբեջանական սահմանապահ զորքերը գտնվում են հայկական կողմի անմիջական հարևանությամբ, սակայն ոչ մի միջադեպ տեղի չի ունենում, ինչը վկայում է ռազմական պլանների բացակայության մասին:

«Առանց Թուրքիայի միջանցք չի լինի»

Խոսելով տարածաշրջանային հաղորդակցությունների բացման․ մասնավորապես՝ ՀՀ Սյունիքի մարզի տարածքով միջանցք բացելու մասին, Ալիևը հայտարարել է, որ այն չի կարող բացվել առանց Թուրքիայի համաձայնության և մասնակցության։

«Թուրքիան երեք երկրների փոխվարչապետների մակարդակով եռակողմ աշխատանքային խմբի անդամ չէ։ Սակայն մենք տեղեկացնում ենք Թուրքիային քննարկվող հարցերի մասին։ Եթե Հայաստանը ցանկանում է վերջ դնել հարաբերություններում առկա խնդիրներին, դառնալ տարանցիկ երկիր, դա կարող է անել միայն Թուրքիան»,-ավելացրել է նա։

«Հրաժարվել Թուրքիայի նկատմամբ հավակնություններից»

Ալիևը նաև մեղադրել է Հայաստանին թուրքատյացության և Թուրքիայի հանդեպ տարածքային պահանջների մեջ։ Նրա խոսքով՝ թուրքական կառավարությունը նախատեսում է կառուցողական քայլեր ձեռնարկել, բայց Հայաստանը պետք է համարժեք պատասխան տա։
«Ի՞նչ պետք է անի Հայաստանն առաջին հերթին։ Նրանք պետք է հրաժարվեն Թուրքիայի հանդեպ տարածքային հավակնություններից, փոխեն Սահմանադրությունն, ընդունեն նորն»,-ասել է Ադրբեջանի նախագահը։
Պաշտոնական Երևանը առայժմ չի արձագանքել Ալիևի այս և մյուս աղմկահարույց հայտարարություններին։