Բավ է պառակտվել
19-01-2021 18:00

Ալիևը Շուշիում թեյ էր խմում ու սպառնում, մեր ԱԳՆ-ն կակազում է․ Նաիրա Զոհրաբյան

«Մենք այսօր, ցավոք, ունենք մի իրավիճակ, երբ Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին, ավելի՝ նոյեմբերի 9-ից հետո գերեվարված 64 ՀՀ քաղաքացիներին իրենք համարում են դիվերսանտներ, և միջազգային բոլոր կառույցները ողողել են հայտարարություններով, որ այդ մարդիկ ահաբեկիչներ են»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Ակնհայտ է՝ ՌԴ ԱԳ նախարարը փաստեց, որ հայկական կողմը չի ներկայացրել գերիների, պատանդների ամբողջական ցուցակը։ Ուշադրություն դարձրեք Լավրովի այն խոսքին, որով նա վերահաստատեց՝ պետք է գործի «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը»,–ասաց Զոհրաբյանը։

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ գերիների վերադարձի գործընթացը դանդաղել է հայկական կողմի՝ ամբողջական ցուցակ չներկայացնելու պատճառով։
Պատգամավորը նշեց, որ ՀՀ ԱԳՆ-ն և մյուս կառույցները, բացի ՄԻՊ-ից, ադեկվատ չեն կարողանում գործել այս իրավիճակում։ Ըստ Նաիրա Զոհրաբյանի, հունվարի 11-ին, երբ Նիկոլ Փաշինյանը մեկնեց Մոսկվա, հայկական կողմը շանս ուներ գերիների հարցը լուծելու։

«Եթե ինքը որպես կտրուկ, չոր նախապայման դներ ռազմագերիների խնդիրը, և ասեր՝ մինչև չվերադարձնեք գերիներին, չեմ ստորագրի Ադրբեջանի համար կենսական նշանակություն ունեցող այս թուղթը, ռազմագերիների հարցը կլուծվեր, Ադրբեջանը կհամաձայներ այդ նախապայմանին»,- նշեց պատգամավորը։

Նա հայտնեց, որ շատ քաղաքացիներ են դիմում իրեն՝ հույս ունենալով, որ ԲՀԿ-ն կարող է զբաղվել գերիների վերադարձի հարցով, բայց և ասաց, որ ինքը մարդկանց չի խաբում և հստակ ասում է, որ այդ խնդրով զբաղվում է այնքան, որքան թույլ է տալիս իր պատգամավորական մանդատը։
Պատգամավորի խոսքով այս պահին ՀՀ ԱԳՆ-ն գոյություն չունի, իսկ խորհրդարանի աշխատանքը ՄԻԵԴ-ի հետ զրո է։

«Արդյոք հայկական կողմում այլեւս մնացե՞լ են գերիներ․․․ երբ վերադարձվում էին մարդասպաններ Շահբազ Գուլիևն ու Դիլհամ Ասկերովը, իսկ մենք փորձում էինք բարձրաձայնել, որ գուցե պետք է այդ երկուսի դիմաց ստանալ մեր բոլոր ռազմագերիներին, հիշում եք՝ ի՞նչ աղմուկ բարձրացրեց իշխանական «ֆեյքալվացքատունը»՝ ասելով, թե չենք ուզում մեր ռազմագերիների վերադարձը»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Նրա խոսքով՝ այսօր իրավիճակն այնպիսին է, որ Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել մեր գերեվարվածներին, իսկ նոյեմբերի իննից հետո գերեվարվածներին հռչակում որպես ահաբեկիչներ։

«Երբ Ալիևը Շուշիում թեյ էր խմում և բռունցքը պարզած սպառնում էր՝ ասելով, որ ով համարձակվի ասել Լեռնային Ղարաբաղ, հերթական ծանր հարվածը կստանա, մեր ԱԳՆ-ն կակազող, վախվորած արձագանք տվեց։ Եվ այդ պատճառով ենք ասում, որ այս կառավարությունը պետք է գնա։ Նիկոլ Փաշինյանը փորձում է խեղել համաշխարհային պատմությունը, այդ հարցում էլ է ուզում բացառություն լինել։ Բայց ինքը հեռանալու է»,- վստահեցրեց պատգամավորը։

Անդրադառնալով Կառավարությունում իրականացվող կադրային փոփոխությունները, օրինակ՝ առողջապահության նախարարի փոփոխությունը, Նաիրա Զոհրաբյանի այն որակեց աբսուրդի աբսուրդ։ «Ծիծաղելի են այդ շախմատային տախտակի վրա իրականացվող տեղափոխումները»։