Բավ է պառակտվել
16-09-2022 18:49

«Ալիևը ռազմական հանցագործ է». ԱՄՆ հայերը բողոքի ցույց են անցկացրել Ադրբեջանի դեսպանատան մոտ

Ամերիկահայերը ցույց են անցկացրել Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան դիմաց՝ այս երկրի նախագահ Իլհամ Ալիևից պահանջելով դադարեցնել հայ խաղաղ բնակչության ռմբակոծումը։

Ներկաները վանկարկում էին՝ «Ալիև՝ ահաբեկիչ», «Դուք մարդասպաններ եք», «Արցախը Հայաստան է», «Սյունիքը Հայաստան է», «Նախիջևանը Հայաստան է», «Ամոթ Ալիևին, ամոթ Ադրբեջանին», «Ցեղասպանությունը շարունակվում է» և ալն։

Մասնակիցների ձեռքներին եղել են Հայաստանի, Արցախի և ԱՄՆ դրոշներն, ինչպես նաև պաստառներ՝ «Ալիևը մեղավոր է ռազմական հանցագործությունների մեջ», «պատժամիջոցներ Ադրբեջանի նկատմամբ», «Ալիևը պատերազմ է ուզում», «Երևանը խաղաղություն է ուզում, Բաքուն Երևանն է ուզում» գրություններով։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ Կոնգրեսի «Հայկական խմբի» և կոնգրեսական Ադամ Շիֆի նախաձեռնությամբ բանաձև է մշակվել և ներկայացվել օրենսդիրներին, որով պահանջվում է դադարեցնել ԱՄՆ իշխանությունների ցանկացած օգնություն Ադրբեջանին և կոչ անել Ալիևին անհապաղ դադարեցնել հարձակումները Հայաստանի և Արցախի վրս։