Բավ է պառակտվել
28-10-2020 16:37

Ալիևը հայտարարել է, որ պատրաստ է Փաշինյանի հետ հանդիպմանը Մոսկվայում առանց նախապայմանների

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Ռուսաստանի մայրաքաղաքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների պատրաստակամության մասին, բայց նա կասկածում է, որ Երևանը կարող է կառուցողական աշխատել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ:

«Ես նման հրավեր չեմ ստացել (բանակցություններ վարելու Մոսկվայում - ԻՖ): Ես բազմիցս մասնակցել եմ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումներին, բայց Հայաստանում Փաշինյանի իշխանության գալուց հետո այդպիսի հանդիպումներ չեն եղել: Այս հանդիպումները եղել են Հայաստանի նախորդ նախագահների հետ, և ես երբեք չեմ խուսափել դրանցից», - ասել է Ալիևը «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում:

Ալիևը շեշտել է, որ այդ հանդիպումները դրական է համարել, քանի որ Ռուսաստանը, որպես Մինսկի խմբի համանախագահ, հատուկ դեր է խաղում կարգավորման գործընթացում:

«Ռուսաստանը միշտ սերտ կապեր է ունեցել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ, և այսօր, քաղաքական և տնտեսական փոխգործակցության տեսանկյունից, Ռուսաստանը շատ ակտիվորեն համագործակցում է Ադրբեջանի և Հայաստանի հետ, մեր հարևանն է: Հետևաբար, իհարկե, այդ հանդիպումների մեծ մասն անցկացվել է Ռուսաստանում, բայց Փաշինյանի օրոք այդպիսի հանդիպումներ չեն եղել: Ես չգիտեմ, թե դրանք որքանով արդյունավետ կլինեն հիմա ... Բայց եթե նման առաջարկ լինի, մենք այն միշտ դրական ենք դիտարկել և կդիտարկենք», - ասել է նա:

Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ պատրաստ է Մոսկվա գալ Հայաստանի վարչապետի հետ բանակցությունների, «ընդ որում, ինչպես Դուք եք ասում, առանց որևէ պայմանի»: