Բավ է պառակտվել
08-11-2021 19:13

Սահմանի վերականգնումն այլընտրանք չունի. Հայաստանի պաշտպանության նախարարն այցելել է Արցախ և Սյունիք

Նոյեմբերի 6-ին Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Արցախի Հանրապետություն՝ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Կամո Վարդանյանի հրավերով։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ՊՆ մամլո ծառայությունը։

Պաշտպանության բանակի հրամանատարի ուղեկցությամբ Կարապետյանն այցելել է մարտական հենակետեր, հանդիպել մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին, ծանոթացել դիրքերի ամրաշինական, ինչպես նաև հերթապահության կրման սոցիալ-կենցաղային պայմաններին։ Պաշտպանության բանակի զորամասերից մեկում, դիմելով Արցախի սահմանների պաշտպանությունն իրականացնող զինծառայողներին, Հայաստանի ՊՆ ղեկավարն ընդգծել է, որ խաղաղության ամենակարևոր գրավականն ամուր և առաջադրված մարտական խնդիրները կատարելու ունակ բանակն է։
Բարձր գնահատելով 44-օրյա պատերազմի և դրան հաջորդած ժամանակահատվածում Արցախի սահմանների պաշտպանությունն իրականացնելու գործում ներդրած ջանքերն՝ Արշակ Կարապետյանը պաշտպանության բանակի մի շարք զինծառայողների պարգևատրել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պատվոգրերով և գերատեսչական մեդալներով: Նույն օրը Ստեփանակերտում Արշակ Կարապետյանը, Հայաստանի և Արցախի պաշտպանական գերատեսչությունների համագործակցության շրջանակում, մասնակցել է պաշտպանության բանակի ղեկավար կազմի աշխատանքային խորհրդակցությանը, որի ընթացքում քննարկվել են անվտանգային խնդիրների հետ կապված մի շարք հարցեր։
Նոյեմբերի 7-ին պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն այցելել է նաև Սյունիքի մարզ, մասնավորապես` Սև լճի տարածք: Նախարարը շրջել է լճի ափամերձ հատվածով, հանդիպել դիրքապահ զինծառայողներին, շնորհակալություն հայտնել իրականացվող շուրջօրյա մարտական հերթապահության համար։
“Պետական սահմանի վերականգնումն այլընտրանք չունի, ադրբեջանական զինվորականները պետք է լքեն Հայաստանի Հանրապետության ինիշխան տարածքը”,- ընդգծել է պաշտպանության նախարարը։
Այցի ընթացքում Կարապետյանն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել բարձրլեռնային այդ գոտում կառուցվող մարտական հենակետերի շինարարության ընթացքին, զինծառայողների կացարանային պայմաններին, և զորամիավորման ղեկավար կազմին հանձնարարականներ տվել կարճ ժամկետում շտկել արձանագրված խնդիրները: