Բավ է պառակտվել
12-12-2019 15:50

Ամբողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը, էդ դիմադրությունը ես ջարդելու եմ․ Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստին վարչապետը բուռն քննարկման առարկա դարձավ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի 2020-2024 թվականների զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրի հարցը: Այս ծրագրով ներկայացվում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի զարգացման 5 ռազմավարական նպատակները եւ այդ նպատակների իրագործմանն ուղղված գործողությունները։ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը երկար քննարկումից հետո առաջարկեց ձեռնպահ մնալ նախագիծն,նշելով թե ի՞նչ կարիք են բավարարում եւ ինչո՞ւ են երկու անգամից ավելի շատ ծախս անում:
Տեղից արձագանքեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, սակայն վարչապետը կոչ արեց չվրդովվել:
«Տենց որ ասում ենք՝ ռազմավարություն, հայեցակարգ և այլն, եկեք տենց լուրջ դեմքերով ձև չանենք, թե մենք պետական կառավարման համակարգում ունենք պոտենցիալը էդ ռազմավարությունները մշակելու։ Մեկ-մեկ նախարարություններից թղթեր ա գալիս, կարդում ես, ասում ես՝ էս ո՞ր դասարանի երեխա է գրել»,-զայրացած հայտարարեց վարչապետը։
Զայրանալու հերթը արդեն ֆիննախին էր․«Դե, եկեք անօրինական գործողություններով իրավական կոչեր անենք, եկեք բռնության մասին կես ժամ քննարկում ունենանք, բայց փոխարենը ինքներս մեզ թույլ տանք անօրինական գործողություններ իրականացնել, դա կստացվի, ճիշտ ճանապարհին ենք»,- ասաց Ջանջուղազյանը:
Ի պատասխան նախարարի դիտարկման՝ վարչապետն ասաց. «Նախարարություններ կան, որ նույնիսկ ճիպոտով տեղից հնարավոր չի շարժել: Մենք ունենք մեծ նախարարություններ՝ լի պարապ մարդկանցով, որոնց միակ ակնկալիքն այն է, թե երբ է լրանում ժամը, որ գնան տուն: Եվ պետք չէ Հռոմի պապից կաթոլիկ լինել»,- ասաց վարչապետը՝ հավելելով. «Տվյալ դեպքում Հռոմի պապը ես եմ»,- կատակեց վարչապետը:
Հետո առաջարկեց հայտարարել, որ պետական կառավարման համակարգում բոլոր տեղերը թափուր են, տեսնենք քանի՞ մարդ կարձագանքի այդ առաջարկին և այդ արձագանքած քաղաքացիներից քանի՞ հոգին կունենա անհրաժեշտ մասնագիտական հմտություն և գիտելիք։ Իսկ չի ունենա, որովհետև, ըստ վարչապետի, մեր դպրոցներում լրիվ ուրիշ բաներ են սովորեցնում։
«Գիտենք, որ չի ունենա, ինչո՞ւ չի ունենա, որովհետև մեր դպրոցներում սովորեցնում են բոլորովին ուրիշ բաներ, որ պետք է սովորեցնեն։ Կանգնեցնում են տաբուրետկի վրա,ասում են՝ արտասանի, մի հատ էլ արտասանի, ավելի՛ հայրենասիրական արտասանի, շատ ավելի հայրենասիրական արտասանի, էդպես տասն անգամ արտասանի, որ հանրապետության վարչապետը, նախագահը գան, իր մասին բանաստեղծություն արտասանես։ Ու էդ համակարգը ստեղծածներն են, որ էսօր ասում են՝ վայ, բուհական համակարգում, կիբեռնեիկայի ֆակուլտետում ո՞նց ա, որ դուք հայոց լեզու, պատմություն առարկաները ո՞նց ա, որ ուզում եք հանեք»,-հռետորաբար հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը նաև փակագծեր բացեց, թե երբեմն ինչ խոսակցություններ են գնում վարչապետի կաբինետում:
«Վարչապետի կաբինետում գիտեք ի՞նչ խոսակցություն է տեղի ուենցել, ասում են՝ «այ ցավդ տանեմ, որ էդ ատկատները փակելու եք, մենք կոլապս ենք ունենալու»...ամբողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը, էդ դիմադրությունը ես ջարդելու եմ, ուրիշ տարբերակ չկա, որովհետև ՀՀ ժողովուրդն անձամբ ինձ ձայն ա տվել, որ էս երկրում փոփոխություն տեղի ունենա», - ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

 

Արմինե Գևորգյան