Բավ է պառակտվել
21-04-2016 12:45

Ամերիկացի կոնգրեսականը Օբամային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Հայոց ցեղասպանության 101–րդ տարելիցը Օբամայի` նախընտրական քարոզարշավի ժամանակ տված խոստումը կատարելու վերջին հնարավորությունն է
ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը կոչ է արել երկրի նախագահ Բարաք Օբամային բառերն իմաստուն կերպով ընտրել և 1,5 հայերի զանգվածային բնաջնջումն ավանել Հայոց ցեղասպանություն:

ԱՄՆ-ն այն երկրներից է, որոնք դեռ պաշտոնապես չեն ընդունել Հայոց ցեղասպանությունը։ Թուրքական կառավարությունը շարունակում է հերքել ցեղասպանության փաստը և միլիոններ է ծախսում ԱՄՆ-ի պաշտոնական ճանաչմանը հակազդելու լոբբիստական ջանքերի համար։ Սակայն ԱՄՆ-ի 50 նահանգից 45-ը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։

Թեև Օբաման նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին, սակայն նախագահ ընտրվելուց հետո դեռ ոչ մի անգամ չի օգտագործել այդ բառը։ Ապրիլի 24-ից մի քանի օր առաջ Շիֆը հույս ունի, որ Օբաման իր նախագահության վերջին տարում կօգտագործի վերջին հնարավորությունը։

«Սա նախագահ Օբամայի և նրա վարչակազմի համար Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերջին հնարավորությունն է», — ասել է Շիֆը։

Ծագումով հրեա կոնգրեսական Շիֆը նշում է, որ ցեղասպանություն բառը շատ կարեւոր է սպանվածների հիշատակի և վերապրածների սերունդների համար: Ադամ Շիֆը Օբամային հիշեցրել է, որ ժխտումը հավասարազոր է կրկնակի սպանության:

«Ես շփվել եմ ցեղասպանությունից փրկված մարդկանց հետ։ Տարեցտարի այդ մարդկանց թիվը կրճատվում է։ Ես լսել եմ նրանց պատմություններն իրենց ընտանիքների և կյանքի կործանման մասին։ Նրանք ստիպված են եղել մանուկ հասակում լքել իրենց տները և տեսնել, թե ինչպես են ծեծել, բռնաբարել և սպանել իրենց ընտանիքներին։ Նրանք մայրցամաքներ և օվկիանոսներ են կտրել-անցել, որպեսզի նոր կյանք սկսեն մեր երկրում»,- ասել է Շիֆը։

Կոնգրեսականի կարծիքով` այդ մարդկանց և նրանց սերունդների համար «ցեղասպանություն» բառը սուրբ է, որովհետև նշանակում է, որ աշխարհը երբեք չի մոռանա այդ ողբերգության մասին։