Բավ է պառակտվել
30-06-2014 16:45

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն արժանացել է Ջոն Քերրիի գովեստին

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանի դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերրին նրան գրավոր ուղերձ է հղել, որում բարձր է գնահատում ՀՀ դեսպանի ներդրումը հայ-ամերիկյան հարաբերություններում։

Ուղերձում, մասնավորապես, նշվում է.

«Ամերիկյան ժողովրդի և Օբամայի վարչակազմի անունից իմ լավագույն բարեմաղթանքներն եմ հղում Ձեզ՝ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի Ձեր առաքելությունն ավարտելու կապակցությամբ:

Ես շնորհակալություն եմ հայտնում Ձեր ծառայության համար և խորապես երախտապարտ եմ Ձեզ մեր երկու երկրների միջև կարևոր գործընկերության ամրապնդմանն աջակցության համար»:

Ի պատիվ դեսպան Մարգարյանի՝ ԱՄՆ Պետարարողակարգի ղեկավար Պիտեր Սելֆրիջի կողմից ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ընդունելությունների դահլիճում կազմակերպվել է հրաժեշտի ընդունելություն, որին ներկա են եղել Պետքարտուղարության և ԱՄՆ անվտանգության խորհրդի բարձրաստիճան պաշտոնյաներ, Վաշինգտոնում հավատարմագրված դեսպաններ, դիվանագիտական, հասարակական-քաղաքական շրջանակների ներկայացուցիչներ:

Իրենց ելույթներում ԱՄՆ Պետարարողակարգի ղեկավար Պիտեր Սելֆրիջը և պետքարտուղարության ներկայացուցիչները բարձր են գնահատել դեսպան Մարգարյանի երկարամյա ներդրումը հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման գործում: