Բավ է պառակտվել
27-04-2022 13:39

ANCA-ն կոչ է անում ԱՄՆ Կոնգրեսին դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին և ընդլայնել օժանդակությունն Արցախին և Հայաստանին

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) կոչ է արել ԱՄՆ Կոնգրեսին դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին և ընդլայնել օժանդակությունն Արցախին և Հայաստանին։

ANCA-ի կառավարական գործերի գծով տնօրեն Թերեզա Երիմյանը շարադրել է հանձնաժողովի քաղաքականության առաջնահերթությունները վկայությունում, որն այսօր ներկայացվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի՝ 2023 թ. արտաքին օգնության օրինագիծը մշակող հանձնաժողովին: Փաստաթղթում հատուկ շեշտադրվել է Ադրբեջանին ԱՄՆ-ի ողջ ռազմական օգնության ամբողջական դադարեցումը և Արցախին 50 միլիոն դոլարի հրատապ օգնության փաթեթի տրամադրումը։

Նա նշել է, որ Ադրբեջանի կողմից Արցախի (Լեռնային Ղարաբաղի) դեմ իրականացված էթնիկ զտումներից և Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասի Բաքվի շարունակվող օկուպացիայի ֆոնին Կոնգրեսը պետք է պատասխանատվության ենթարկի Իլհամ Ալիևի ռեժիմին՝ դադարեցնելով ԱՄՆ-ի ամբողջ ռազմական օգնությունը այդ երկրի զինված ուժերին։

Երիմյանը նաև կոչ է անում երկարաժամկետ ներդրումներ կատարել Արցախի զարգացման գործում՝ օգնելու տեղի բնակիչների ընտանիքներին «վերակառուցել իրենց կյանքը և ապահով վերաբնակվել բնիկ հայկական հայրենիքում»։

Խոսելով Հայաստանին օժանդակության ավելացման անհրաժեշտության մասին՝ Երիմյանը որպես առաջնահերթություն մատնանշել է ԱՄՆ աջակցության ծրագրերը, որոնք ուղղված են Հայաստանի անվտանգության և ինքնիշխանության էական ամրապնդմանը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից սրվող սպառնալիքների պայմաններում։

Ինչպես նշել են ANCA-ում, նմանատիպ վկայություններ կներկայացվեն նաև ԱՄՆ Սենատին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բայդենի վարչակազմի կողմից ներկայացված 2023 ֆինանսական տարվա պետական ​​բյուջեի նախագծով առաջարկվում է նվազեցնել Հայաստանին տրամադրվող օգնությունը մինչև 24 միլիոն դոլար և հրաժարվել Լեռնային Ղարաբաղին օգնությունից։

Միաժամանակ, նախատեսվում է 2023 ֆինանսական տարում Ադրբեջանին տրամադրել 9,7 մլն դոլարի օգնություն (այս գումարը չի ներառում այն ​​հատկացումները, որոնք Բաքուն ստանում է Պենտագոնից)։

Սենատորը կոչ է արել դադարեցնել ԱՄՆ օգնությունը Ադրբեջանին՝ Արցախի դեմ ագրեսիայի պատճառով
ԱՄՆ շուրջ 70 օրենսդիր պահանջում են Վաշինգտոնից դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին
Կոնգրեսականները կոչ են արել ԱՄՆ կառավարությանը դադարացնել անվտանգության ոլորտում Ադրբեջանին տրվող օգնությունը
Բայդենը շրջանցել է Ադրբեջանին ռազմական օգնության արգելքը. ANCA-ն Կոնգրեսին կոչ է անում սահմանափակել նրա լիազորությունները
Սենատոր Մենենդեսը Բաքվին ռազմական օգնության անթույլատրելիության մասին. «Ինձ թվում է, որ ԱՄՆ-ն նույն անկողնում է Ադրբեջանի հետ»