Բավ է պառակտվել
24-02-2015 14:59

Իշխանությունները ստիպում են խելացի մարդկանց լքել երկիրը.ՀԱԿ

Իշխանությունները ստիպում են խելացի եւ գործունյա մարդկանց լքել երկիրը: Այս մասին, այսօր ԱԺ-ում հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ պետական կառավարման ճգնաժամի մասին հայտարարության նախագծի քննարկման ժամանակ իր ամփոփիչ ելույթում: «Առաջին անգամ խաղաղ պայմաններում ժողովուրդը փախչում է հանրապետությունից: Այս հայտարարությանը պատասխանելու միակ ազնիվ փորձն արեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը»,-ասել է նա: «Նա իր ելույթում Հայաստանի դիվանագիտական աշխատանքի մի շարք օրինակներ բերեց, բայց այդ աշխատանքների արդյունքների մասին դատում են պատրաստի արդյունքներով: Իսկ Ղարաբաղի հարցով Հայաստանի համար բարենպաստ փաստաթղթեր ընդունվել են միայն 1990-ական թվականներին: Կարող եմ հիշատակել 1994-ի Բուդապեշտի գագաթաժողովը, որտեղ ԼՂՀ-ն չճանաչվեց որպես բանակցությունների լիիրավ անդամ: Իսկ 2005-ին եղավ ԵԱՀԿ-ի սարսափելի բանաձեւը, որտեղ առաջին անգամ նշվեց Լեռնային Ղարաբաղի օկուպացիայի մասին, որը Տեր-Պետրոսյանի ժամանակ երբեք չէր եղել: Իսկ 2008-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունեց բանաձեւ, որը Ղարաբաղը ճանաչում է որպես Ադրբեջանի մաս: Հիմա էլ ԵԽԽՎ-ում նման վերնագրով բանաձեւ է պատրաստվում»,-հավելել է Զուրաբյանը: