Բավ է պառակտվել
31-05-2021 13:14

Արա Այվազյանը նշել է Հայաստանի ԱԳՆ ղեկավարի պաշտոնից իր հրաժարականի պատճառը (տեսանյութ)

ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել գերատեսչության անձնակազմի հետ, հայտնում է Հայստանի ԱԳՆ մամլո ծառայությունը։
Հունիսի 27-ին ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնեց, որ Արա Այվազյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Նյութի հրապարակման պահին Այվազյանի հրաժարականն ընդունելու մասին պաշտոնական հաստատում չկա։

Այվազյանը նշել է, որ երբ համաձայնեց ստանձնել այս պաշտոնը, դա իր կյանքի ամենադժվար, բայց, միևնույն ժամանակ, ամենահեշտ որոշումն էր:
«Հեշտ որոշում էր, քանի որ ես՝ անձնապես, և վստահ եմ՝ Դուք՝ բոլորդ, գիտակցում էինք, որ պարտք ունենք մեր զոհերի առջև, պարտք ունենք մեր երկրի առջև: Դժվար էր, քանի որ շատ լավ հասկանում և գիտակցում էի, թե ինչ հսկայական պատասխանատվություն է ինձ վրա և մեր բոլորի վրա, քանի որ մենք իրավունք չունեինք սխալվելու: Մենք իրավունք չունեինք անելու այնպիսի քայլ, որի համար հետագայում մեր ժողովուրդը և մեր պատմությունը մեզ չէր ների»,- ասել է նա:
Նա նշել է, որ պաշտոնը ստանձնելիս հայտարարեց, որ դիվանագիտությունը պարտված չէ, և մինչև այսօր էլ նույն կարծիքի է։
«Շատերն ինձ հետ համաձայն չեն, բայց այս ընթացքում մենք բոլորս՝ այստեղ և դեսպանություններում գտնվողներս, ապացուցեցինք, որ ոչ միայն պարտված չենք, այլ նաև կարողանում ենք մեր պետական և ազգային շահերը առաջ մղել և նշել կարմիր գծերն»,- ասել է նա:
Այվազյանի կարծիքով, միջազգային գործընկերները հասկացել են, որ Հայաստանը պարտված չէ, Արցախը պարտված չէ, հայությունը պարտված չէ։
«Մեր թշնամիները նույնպես դա հասկացել են։ Եվ ոչ պակաս կարևոր է այն, որ այս տագնապալի օրերին մենք դարձանք այն կառույցը, որն ըմբռնելի դարձավ մեր հասարակության համար, մեր ձայնը գնալով ավելի լսելի դարձավ, և մենք առավել քան երբևէ վստահություն ձեռք բերեցինք մեր ժողովրդի առջև»,- շեշտել է նա։
Անդրադառնալով իր հրաժարականին, Այվազյանն ասել է, որ իրեն շատ դժվար է տրվել այդ որոշումը, հավելելով, որ պաշտոնը ստանձնելիս իր համար գոյություն է ունեցել միայն մեկ չափանիշ։
«Այս նախարարությունը, որ ծնունդն է անկախության, պետք է անշեղորեն պաշտպանի մեր ինքնիշխանությունը, մեր անկախությունը, մեր պետական, ազգային շահերը։ Իմ հրաժարականի որոշումը պայմանավորված էր հենց այդ պատճառով, որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել»,-հայտարարել է նա։
Ամփոփելով, Այվազյանը խորհուրդ է տվել նախարարության աշխատակիցներին և դիվանագետներին։
«Ընդհանրապես դիվանագետը ընկալվում է որպես հարմարվող, համակերպվող, սուր անկյուններից խուսափող անձ։ Ես կարծում եմ՝ այս դժվարին պայմաններում մենք դրա իրավունքը չունենք, և մեր մեջ, իսկապես, գնալով, վստահ եմ, կլինեն սկզբունքային դիվանագետներ, ովքեր ուղենիշ կդառնան մեր հասարակության համար»,- ասել է նա։
Մայիսի 20-ից լուրեր էին շրջանառվում համացանցում, որ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը մտադիր է հրաժարական տալ։ Որոշ լրատվամիջոցների ենթադրությամբ պատճառն այն է, որ Այվազյանին նախօրոք չեն տեղեկացրել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիային վերաբերող փաստաթղթի մասին։