Բավ է պառակտվել
18-04-2020 16:12

Կաթողիկոսի, քննիչ հանձնաժողովի ու առաջին նախագահի հայտարություների մասին․Արարատ Միրզոյան

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով Գարեգին Բ Կաթողիկոսի՝ վերջերս արած հայտնի հայտարարությանը և դրան ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի արձագանքին՝ նշեց, որ այս պահին ավելացնելու բան չունի, անհրաժեշտության դեպքում կարձագանքի։
«Այս պահին անհրաժեշտություն չեմ տեսնում լրացուցիչ որևէ բան ասել: Սա չի նշանակում, որ ասելիք չկա, պարզապես ցանկացած նոր բառ կարող է նոր երանգ հաղորդել այս փոխադարձ հայտարարություններին: Այս պահին դա մեր պետության ու ազգի համար օգուտ չի լինի: Ասելիք իհարկե կա, վերաբերմունք իհարկե կա, բայց չեմ ուզում ասել:
Հարցին՝ ի՞նչ է կարծում, Կաթողիկոսը միջամտո՞ւմ է աշխարհիկ գործերին, Արարատ Միրզոյանը պատասխանեց, որ պետությունը և եկեղեցին անջատ են և պետք է չխառնվեն միմյանց ներքին գործերին.
«Միևնույն ժամանակ պետք է ասեմ, որ Կաթողիկոսը ևս ՀՀ քաղաքացի է և ունի բոլոր այն իրավունքները, որոնք ունեն ՀՀ մյուս քաղաքացիները: »,- հավելեց Ա. Միրզոյանը:
Հիշեցնենք, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն կարևոր էր համարել Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելը, իսկ Ալեն Սիմոնյանը հիշեցրել էր, որ հանրությունը ժամանակին պահանջում էր նաև կաթողիոսի հրաժարականը:
ԱԺ –ը նախագահը անդրադարձավ նաև ապրիլյան դեպքերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, ասաց, որ շատ լավ է աշխատում և մանրամասների մեջ խորանում է այնքան, որքան դա հնարավոր է։
Խոսելով Սերժ Սարգսյանի երեկ ԱԺ գալուն և հայտարարությանը, թե արտակարգ դրությունից հետո կպատասխանի ապրիլյան իրադարձություններին վերաբերող բոլոր հարցերին, Միրզոյանը նշեց, որ Հայաստանը ազատ և ժողովրդավարական պետություն է, և ցանկացած ոք ցանկացած ժամանակ կարող է ներկայացնել իր կարծիքը։
«Ես կարծում եմ, որ մեր հասարակությունում մեր վերջին շրջանի պատմության հետ կապված որևէ մութ հարց չպետք է մնա։ Ցանկացած հարց, որը հուզում է հասարակությանը, պետք է քննվի»,- նշեց Միրզոյանը։
Ի դեպ ՀՀ առաջին նախագահն էլ հայտարարություն տարածել՝ կապված ապրիլյան հանձնաժողովի աշխատանքների հետ։ Մասնավորապես նշել է․ «Սառեցնել ապրիլյան պատերազմի հանգամանքների հետաքննության խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքը, որն ավելորդ գրգռություն է առաջացնում երկրի առանց այդ էլ գերլարված մթնոլորտում»: ԱԺ նախագահն ասաց, որ կարդացել է այն ու դրական է վերաբերվում դրան։
«Էլի եմ ասում՝ ՀՀ ցանկացած քաղաքացի կարող է իր դիրքորոշումը հայտնել։ Կարդացի պարոն Տեր-Պետրոսյանի դիքորոշումը, բաներ կան՝ կիսում եմ, բաներ կան՝ չէ։ Ես չեմ կարծում, թե ապրիլյան պատերազմին վերաբերող կետը այդքան շատ մտահոգիչ է, և կարիք կա սառեցնելու։ Անկեղծ ասած՝ օրենսդրական հնարավորություն էլ չկա սառեցնելու»,- նշեց Արարատ Միրզոյանը։

 

 

 

Արմինե Գևորգյան