Բավ է պառակտվել
30-09-2021 20:12

Միրզոյանը՝ Իրանի դեսպանին․ Ադրբեջանի սադրիչ գործողությունները Հայաստանի նկատմամբ խաթարում են խաղաղությանն ուղղված ջանքերը

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հինգշաբթի ընդունել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին, տեղեկացվում է ԱԳՆ ֆեյսբուքյան պաշտոնական էջում։

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի ու Իրանի միջև երկկողմ և բազմակողմ հարթակներում հաստատված արդյունավետ փոխգործակցության կապակցությամբ և ընդգծել, որ երկու երկրներում ձևավորված նոր կառավարությունները լրացուցիչ կարևոր ազդակ կհաղորդեն հայ-իրանական հարաբերություններին:

Միրզոյանն ու Զոհուրին կարևորել են առևտրատնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնումը՝ կողմերի միջև համաձայնեցված կոնկրետ ծրագրերի իրականացման միջոցով, ինչը հնարավորություն կտա առևտրաշրջանառությունը հասցնել մինչև 1 մլրդ դոլարի:

Հայ-իրանական էներգետիկ համագործակցության առումով քննարկվել են գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի ծավալների մեծացման հեռանկարները:
Միրզոյանը և Զոհուրին անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերին: Հայաստանի ԱԳ նախարարը շեշտել է, որ Ադրբեջանի սադրիչ գործողություններն ու նկրտումները Հայաստանի ինքիշխան տարածքի նկատմամբ խաթարում են տարածաշրջանում խաղաղությանն ու զարգացմանն ուղղված ջանքերը: Հայկական կողմը նշել է, որ բարձր է գնահատում Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը։
Քննարկվել է նաև իրավիճակը Գորիս-Կապան ճանապարհահատվածում: Արարատ Միրզոյանը տեղեկացրել է այլընտրանքային ճանապարհի կառուցման ընթացքի, ինչպես նաև «Հյուսիս-հարավ» մայրուղու աշխատանքների մասին։