Բավ է պառակտվել
27-01-2021 15:32

Արարատ Միրզոյանը հանդիպել է Ռուսաստանի դեսպանի հետ

Հայկական կողմի օրակարգարգային կարևորագույն հարցը հայ ռազմագերիների վերադարձն է:

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը չորեքշաբթի ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին հայտնում է խորհրդարանի մամուլի ծառայությունը:

Արարատ Միրզոյանը ևս մեկ անգամ ընդգծել է երկու երկրների միջև դաշնակցային հարաբերությունների կարևորությունը և բարձր գնահատել ռուսական կողմի ակտիվ ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղում թե՛ մարտական գործողությունների դադարեցման և թե՛ ստեղծված հումանիտար խնդիրների հաղթահարման առումով: Ազգային ժողովի նախագահը շեշտել է, որ հայկական կողմի համար օրակարգային կարևորագույն հարցն այս համատեքստում շարունակում է մնալ հայ ռազմագերիների և գերեվարված անձանց վերադարձը հայրենիք և վստահություն հայտնել, որ ռուս գործընկերներն այս ուղղությամբ կշարունակեն միջնորդական ջանքեր գործադրել, որպեսզի ի կատար ածվի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության համապատասխան դրույթը: Խորհրդարանի խոսնակն ընդգծել է, որ եռակողմ հայտարարությունը չի լուծել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, և հայկական կողմը պատրաստակամ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում վերսկսել բանակցությունները Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ։

Դեսպան Կոպիրկինը ներկայացրել է ռուս խաղաղապահների Հումանիտար կենտրոնի կողմից իրականացվող աշխատանքները: Նա նշել է, որ հիմնախնդրի ամբողջական կարգավորման, այդ թվում ՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման համար անհրաժեշտ է շարունակել խաղաղ բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Երեքշաբթի օրը Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի, իսկ դրանից մեկ օր առաջ` ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: