Բավ է պառակտվել
11-10-2021 14:41

Հայաստանի պաշտպանության ձերբակալված նախկին նախարար Տոնոյանը չի ընդունում մեղադրանքները

Նախկին նախարար Դավիթ Տոնոյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները և որևէ պարագայում չի ընդունելու, քանի որ նրան մեղադրում են մի արարքի կատարման մեջ, որը նա չի կատարել, նշվում է Տոնոյանի փաստաբանների հայտարարության մեջ:

«Պաշտպանության նախարարի պաշտոնից ազատվելուց հետո պարոն Տոնոյանը ձեռնպահ է մնացել մեկնաբանություններից՝ հաշվի առնելով պետական գաղտնիքը, ՀՀ ազգային անվտանգության միջպետական հարաբերությունների շահերը: Այսօր և պարոն Տոնոյանն այդ շահերը վեր է դասում սեփական շահերից և, տիրապետելով տեղեկատվության մեծ ծավալի, այն չի օգտագործում հանրային տիրույթում սեփական պաշտպանության համար»,– ասվում է հայտարարությունում։

Նախկին նախարարի փաստաբանները նշում են, որ Տոնոյանը վստահ է, որ հատուկ մասնագիտական գիտելիքներ ունեցող անձանց կողմից կատարված փորձաքննության արդյունքները փաստարկված ու անաչառ պատասխաններ կտան ՀՀ զինված ուժերի համար «անորակ» «տեխնիկական նորմերին չհամապատասխանող» զենք-զինամթերքի մասին պնդումներին:

«Պարոն Տոնոյանը պայքարելու է հանուն արդարության, իր անմեղության բարի համբավի վերականգման համար»,– նշել են փաստաբանները։

Սեպտեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ առանձնապես խոշոր չափերի՝ գրեթե 2.28 միլիարդ դրամի չափով (ավելի քան 4.7 միլիոն դոլար) հափշտակություն կատարելու կասկածանքով ԱԱԾ-ի կողմից կալանավորվել են ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը (զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը 2018-2020թթ.) և զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանի (հայտնի է որպես «Պատրոն Դավո»)։

Տոնոյանն ու Գալստյանը կալանավորվել են բարձրաստիճան զինվորականների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննության շրջանակներում:

Հոկտեմբերի 2-ին իրավապահ մարմինները կալանավորեցին նաև Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանին: