Բավ է պառակտվել
16-09-2016 14:12

ՀՅԴ-ն չի բացառում կոալիցիայից դուրս գալը

«Դաշնակցություն» խմբակցությունն իմաստ չի տեսնում մասնակցել կոալիցիային, եթե կառավարության ապագա ծրագիրը չհամապատասխանի գործող կոալիցիոն համաձայնագրին, ուրբաթ լրագրողներին ասաց խմբկցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Նա հիշեցրեց ՀՅԴ–ի և Հայաստանի հանրապետական կուսակցության միջև կոալիցիոն հուշագրի առկայության մասին, որն անդրադառնում է բոլոր ոլորտներին և կառավարության ծրագրերի իրագործման միջոցառումներին։

«Մենք կառավարության գործունեության ռազմավարություն ունենք, և նոր ծրագիրը պետք է համապատասխանի դրան և դուրս չգա ռազմավարության ընդհանուր տրամաբանության սահմանից: Կարծում եմ` հենց դա պետք է հիմք ծառայի կառավարության նոր ծրագրի համար», - ասաց Ռուստամյանը:

Ընդ որում, նա ընդգծեց, որ համաձայնագիրը, իհարկե, չի պաշտպանում նախարարներին, ուստի նրանք պետք է ապացուցեն իրենց աշխատունակությունը և պրոֆեսիոնալիզմը:

Միաժամանակ, մեկնաբանելով կառավարության նախօրեի նիստի ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի (ՀՅԴ անդամ) հասցեին հնչած քննադատական մեկնաբանությունները, Ռուստամյանը նշեց, որ Դաշնակցությունը չի վախենում պահանջկոտությունից:

«Մենք պահանջկոտությունից չենք վախենում: Եթե վարչապետը պահանջկոտ է, դա միայն ողջունելի է», - ասաց Ռուստամյանը` կոչ անելով օբյեկտիվ լինել ընդհանուր պետական հարցերը լուծելիս:

Խմբակցության ղեկավարը չի բացառել Հայաստանի կառավարության նոր կազմում նախարարների պորտֆելների հնարավոր փոփոխությունը:

Նրա խոսքով, նոր կառավարությունում նախ պետք է որոշվեն և հստակեցվեն հարցերը և հիմնական խնդիրները, որից հետո արդեն կբաշխվեն պորտֆելները:

«Կարծում եմ, որ մենք այս հարցում լայն ընտրություն ունենք, և ՀՅԴ-ն օժտված է անհրաժեշտ բոլոր կադրերով, ընդ որում` նախարարների ողջ կաբինետի համար», - ասաց Ռուստամյանը:

Ինչ վերաբերում է նրան, որ ՀՅԴ-ն կարող է չմասնակցել նախարարների կաբինետի ձևավորմանը, Ռուստամյանը նշեց, որ վարչապետ Կարեն Կարապետյանը սկսել է իր աշխատանքը արդեն ձևավորված միջավայրում և չի կարող այն անտեսել: