Բավ է պառակտվել
21-12-2013 13:29

Արկադի Վարդանյանի գործը քաղաքական արմատներ ունի

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում քաղաքագետ Արկադի Վարդանյանի փաստաբանները հայտարարեցին, որ դիմելու են Եվրոպական դատարան և շատ վրդովված են նրա դատավճռից: Փաստաբան Ռուբեն Կիրակոսյանը՝անդրադառնալով նրա տասը տարվա ազատազրկմանը, նշեց, որ արդարադատության հույս ունեին, բայց հակառակը տեղի ունեցավ. «Դատարանը շատ երկար և համբերատար գործը նայեց, բայց գնահատականը համապատասխան չէր հնչեցված մեղադրանքների հետ: Ինչպես ասում է Արկադի Վարդանյանը, այս գործը քաղաքական հիմքեր ունի՚: 

«Արկադի Վարդանյանը իր 66 տարիների ընթացքում ցույց է տվել, որ ինքը լուրջ հասարակական, քաղաքական գործիչ է, ֆինանսական խնդիրներ չունի և չէր կարող նման ցածր գործի մեջ խառնվել: Մենք համարում ենք, որ գործի քննությունը անցել է միակողմանի»,- ասաց փաստաբանը:

Հիշեցնենք, որ ԱԱԾ կողմից իրականացված միջոցառումների արդյունքում այս տարվա մայիսի 18-ին Երևան քաղաքում ձերբակալվել էին Արսեն Ռոբերտի Ավետյանը և Արկադի Արշավիրի Վարդանյանը, որոնք կասկածվում են Արսեն Ավետյանի հոր` Ռոբերտ Աբրահամի Ավետյանի սպանությունը նախապատրաստելու մեջ: Ըստ ձեռքբերված տվյալների` Արսեն Ավետյանը և Արկադի Վարդանյանը պլանավորել, միջոցներ են ձեռքբերել և պայմաններ ստեղծել Ռոբերտ Ավետյանին թունավորելու միջոցով նրա գույքին տիրանալու համար: Իրավասու մարմինների կողմից օրենքով սահմանված պատշաճիրավական ընթացակարգի շրջանակներում ստացված տեղեկությունների հիման վրա դեռեւս 2013թ. մայիսի 17-ին հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 35-104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով սպանության նախապատրաստություն): Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ 12-20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ: