Բավ է պառակտվել
31-10-2019 17:54

Արման Բաբաջանյանն օտարերկրյա լրտեսական ցանցի գործակալ է

Վերջին շաբաթներին բոլորի ականջին է ներկայումս “անկախ”, իսկ նախկինում խորհրդարանի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի անունը։

ՇԱՏ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԿԱՐԾԻՔՈՎ, հենց այս մարդն է իշխանությունների և անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվերով պատրաստակամորեն հանձն առել խառնակչի դերը, հանդես գալով ամենակեղտոտ նախաձեռնություններով, որոնք կոչված են խառնաշփոթ մտցնել առանց այն էլ խղտոր ներքաղաքական դաշտում և վարկաբեկել հայտնի և հարգված գործիչներին, ովքեր “համարձակվել են” անհամաձայնություն հայտնել Փաշինյանի ուղեգծին։

Արման Բաբաջանյանի ով լինելը վաղուց և լավ հայտնի է բոլորին․ այս գործիչը անուն է հանել առայժմ միայն և բացառապես նրանով, որ ժամանակին փաստաթղթեր է կեղծել բանակում ծառայությունից խուսափելու համար, դրա համար բանտում պատիժ կրել, այնուհետև, սեփական կաշին փրկելու համար ցուցմունք տվել իր մոր դեմ։ Պարզ ասած՝ դասալիք, ում ձեռքն, իրեն հարգող հասարակարգում ոչ-ոք երբեք չէր սեղմի և ով կփորձեր ընդհանրապես չերևալ մարդկանց աչքին։ Սակայն “նոր Հայաստանում” այդ մարդը նախ հայտնվեց Ազգային ժողովում, իսկ այժմ նաև դարձել է իշխանությունների վստահելի անձն, ում ձեռքերով արվում է ոչ միայն սևագիր, այլ նաև կեղտոտ գորգատակի աշխատանքը։

ՊԱՐԶՎԵՑ, սակայն, որ Բաբաջանյանը ոչ միայն դասալիք է, այլև “Ստրատֆոր” հետախուզական կենտրոնի գործակալ, որի գլխավոր գրասենյակը գտնվում է ԱՄՆ-ի Տեխաս նահանգում։ Ankakh.am-ի փոխանցմամբ, այդ մասին են վկայում WikiLeaks կայքում ժամանակին հրապարակված փաստաթղթերը:
2012-ի փետրվարին կայքը սկսեց հրապարակել համաշխարհային հետախուզական տվյալներ՝ Stratfor-ի գրասենյակից ուղարկված 5մլն էլեկտրոնային նամակ: Հրապարակման ժամանակահատվածն ընդգրկում է 2004 թվականի հուլիսից մինչև 2011 թվականի դեկտեմբերի վերջը և պարունակում է այդ հետախուզական ցանցի համար աշխատած անձանց ցանկը։ Ըստ պարբերականի, այս ընկերությունը գաղտնի հետախուզական ծառայություններ է մատուցում մի շարք համաշխարհային գերխոշոր կորպորացիաների և պետական կառույցների, այդ թվում՝ Ազգային անվտանգության դեպարտամենտին, Ռազմածովային ուժերին և ռազմական հետախուզությանը։ Էլեկտրոնային նամակներում ոչ միայն մերկացվել է իրազեկիչների ցանցը, այլև նկարագրվել նրանց ծառայությունների դիմաց վճարման համակարգը, փողերի լվացման մեխանիզմները և հոգեբանական ներգործության օգտագործվող միջոցները։
WikiLeaks-ը հրապարակմանը կցում է բոլոր նրանց անունների և էլեկտրոնային փոստի հասցեների ցանկը, ովքեր եղել են ընկերության գործակալներ և հետևողականորեն տրամադրել գաղտնի տեղեկություններ։ Այդ ցուցակում նշված է նաև Արման Բաբաջանյանի անունը, նշում է աղբյուրը, տրամադրելով հրապարակման հղումը, որտեղ զետեղված են գործակալների անուններով ֆայլերը։
Նշենք, որ Բաբաջանյանն այդ ցուցակում գրանցված է 478 համարի տակ։
Մնում է սպասել համապատասխան կառույցների, առաջին հերթին՝ Ազգային անվտանգության ծառայության արձագանքին։ Թե՞ չսպասենք։