Բավ է պառակտվել
19-06-2014 14:51

Ըստ Ա. Մելիքյանի՝ արդարացի չեն ՌԴ-ի, Ղազախստանի և Բելառուսի նախագահներին մեղադրողները

«Ինձ թվում է, արդարացի չեն նրանք, ովքեր քննադատում են Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահներին այն պատճառով, որ նրանք թույլ չեն տվել Հայաստանին դառնալ Եվրասիական տնտեսական միության հիմնադիր-անդամ և մեկ ամսով հետաձգել են նրա անդամագրումը»,-facebook-յան իր էջում նման դիտարկում է արել ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:  Ըստ նրա՝ բանն այն է, որ մի քանի տարի շարունակ Հայաստանն այդ միությանն անդամագրվելու որևէ ցանկություն չէր դրսևորում, պաշտոնական մակարդակում կասկածի տակ էր դնում այդ կարգի միության անդամը դառնալու նպատակահարմարությունն իր համար և ապագան կապել էր Եվրամիության հետ: «Հանկարծ, վերջին պահին, մտքափոխվեց ու որոշեց, որ եվրոասոցացումը  «եվրասիացումից» վատ է ու տարիների աշխատանքն ու եվրոպական դոնորների՝ դրա վրա ծախսած գումարները, գցեց ջուրը»,-գրել է քաղաքական գործիչը: Այս պահվածքի շնորհիվ,Արման Մելիքյանի համոզմամբ,  Արևմուտքում յուրային դառնալ այդպես էլ չհասցրեցինք: «Աստված գիտի նաև, թե ինչ են մտածում Հայաստանի իշխանությունների մասին Մոսկվայում, Մինսկում կամ Աստանայում, բայց մի բանը հաստատ է՝ այս միությունը նախաձեռնած երեք պետությունները հիմքեր ունեին Հայաստանը նորաստեղծ այդ դաշինքի հիմնադիրների շարքում չներառելու համար և դա պատճառաբանված է հենց Հայաստանի մինչ այդ դրսևորած պահվածքով »,-հավելել է ԼՂՀ նախկին արտգործնախարարը :

Տաթև Առաքելյան