Բավ է պառակտվել
22-04-2014 19:03

Արմեն Երիցյանը որոշեց մնալ ՀՀ նախագհի կողքին

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը հանդիպելով լրագրողներին և անդրադառնալով այն հարցին, թե հնարավո՞ր է նոր կուսակցության անդամ դառնա, հայտարարեց, որ Հայաստանում անցել են այն ժամանակները, երբ ասում էին՝ ՛՛գյադե՛ք էս կողմ, գյադե՛ք՝ էն կողմ՛՛.

՛՛Չգիտեմ՝ ով ինչ է ասում, բայց ես պետք է ասեմ հետևյալը, որ ես ոստիկանության պետի առաջին տեղակալ էի, երբ հրավերք ստացա և առաջադրվեցի որպես արտակարգ իրավիճակների նախարար «Օրինաց երկրի» կողմից և հենց առաջին օրն էլ ասել եմ, որ ես իմ աշխատանքը, որ կատարում եմ որպես արտակարգ իրավիճակների նախարար, ես պետք է կատարեմ: Ես իմացել եմ, որ լինելու եմ ՀՀ նախագահի՝ Սերժ Սարգսյանի, մեր նախագահի կողքին, բայց «Օրինաց երկիրը» որոշեց, որ իրենք չպետք է լինեն կոալիցիայում, և իմ որոշումը կայացրեցի, որովհետև չեմ կարող ընդդիմություն լինել՛՛,-ասաց նախարարը՝ հավելելով, որ գտնում է, որ գործադիրում կարող է շարունակել իր աշխատանքը:

Ի պատասխան հարցի, թե դե՞մ է եղել, որ ՕԵԿ-ը դառնա ընդդիմություն, դրա համար էլ դուրս եկել ՕԵԿ-ից, Արմեն Երիցյանն ասաց. «Դա եղել իմ անձնական կարծիքը»:

Արմեն Երիցյանը չթաքցրեց, որ ՕԵԿ-կան նախարարներով նախապես քննարկել են կուսակցությունից դուրս գալու հարցը և ավելացրեց, որ չի կարծում, թե անակնկալ պետք է լիներ կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանի համար:

Ի պատասխան հարցի, թե ճիշտ են տեղեկությունները, որ ՕԵԿ-ը կոալիցիա չմտավ՝ դժգոհ լինելով, որ Արթուր Բաղդասարյանին վարչապետ չեն նշանակել, վերջինս ասաց. «Ես չեմ կարող ասել, որովհետև խորհրդակցությունն առանց մեզ է եղել»:

Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե կարելի՞ երկու անգամ ընդդիմություն դառնալ, կամ նույն գետը երկու անգամ մտնել, վերջինս ասաց. «Մարդիկ կան, որ մի տասը գետ են մտնում»: