Բավ է պառակտվել
18-10-2018 00:11

Արմեն Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը քննարկել են ներքաղաքական օրակարգը

 

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է չորեքշաբթի օրը վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:
Ինչպես տեղեկացնում է նախագահի մամլո ծառայությունը՝ հանդիպման ընթացքում քննարկվել են ներքաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր:

Քաղաքական ուժերի փոխըմբռնում
Նշելով, որ երկրում ընթանում են քաղաքական և նախընտրական պրոցեսներ, Սարգսյանը գոհունակություն է հայտնել տվյալ հանդիպման փաստից և ցանկություն հայտնել լսել վարչապետի ժ.պ. կարծիքը վերջին իրադարձությունների վերաբերյալ:
«Ըստ էության, մենք այժմ մտնում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների փուլ: Խմբակցությունները հանրորեն ներկայացրել են իրենց դիրքորոշումներն այն մասին, որ մտադիր չեն վարչապետի թեկնածու ներկայացնել կամ երկրի ղեկավար ընտրել: Սա նշանակում է, որ արտահերթ ընտրությունների ըմբռնում կա»,-ասել է Փաշինյանը:
Այս կապակցությամբ նա բացատրել է, որ «ըմբռնում» ասելով նա ի նկատի ունի, որ քաղաքական ուժերն այդ հարցի շուրջ ունեն տարբեր տեսակետեր, սական ընտրությունների անհրաժեշտության փաստն, իր կարծիքով, բոլորը հաստատել են:
«Այս ժամանակահատվածում, անշուշտ շատ կարևոր է, որ և խորհրդարանը, և նախագահը մշտական կապի մեջ լինեն և տեղեկություններ փոխանակեն իրավիճակի մասին: Սա անհրաժեշտ է, որպեսզի այս 14 օրն (կառավարության հրաժարականն ընդունելուց հետո յոթնօրյա ժամկետում խորհրդարանի խմբակցություններն իրավունք ունեն երկու անգամ վարչապետի թեկնածու ներկայացնել) անցնի հանրության և ժողովրդի սպասումներին համահունչ և համերաշխության մթնոլորտում»,- պարզաբանելէ նա:
Կառավարության ղեկավարի ժամանակվոր պաշտոնակատարը հավելել է, որ գալիք 14 օրվա ընթացքը չափազանց կարևոր է նախընտրական ադապտացման մթնոլորտի ձևավորման տեսակետից՝ ծրագրերի և ռազմավարության մրցակցության, ինչպես նաև հնարավորինս գործնական դաշտում քննարկումների անցկացման ենթատեքստում: «Համենայն դեպս, կառավարությունը, մենք կանենք մեզնից կախված ամեն ինչ դրան հասնելու համար»,- ասել է նա:
Փորձություններին ընդառաջ
Սարգսյանը վստահություն է հայտնել, որ կառավարությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ գործողություններն ու միջոցները, որպեսզի այդ ամբողջ ժամանակահատվածը՝ և 14 օրը և գալիք ընտրություններն անցնեն օրենքի շրջանակներում:
«Դա բխում է ամբողջ ժողովրդի և պետության, ինչպես նաև այն ծրագրերի շահերից, որոնց իրականացմանը պետք է մասնակցեն բոլորը, որպեսզի ընտրությունները լինեն օրինական, ժողովրդավար և զերծ կեղծիքներից»,-պարզաբանել է նա:
Նախագահը շեշտել է, որ դա որոշակի փորձությունների ժամանակահատված է լինելու՝ միջադեպերի բացառման առումով:
«Ես, իհարկե, վստահ եմ, որ դուք անում եք ամեն հնարավորը, որ սահմաններում զգոնությունը չնվազի, այլ հակառակը՝ բարձրանա»,-ասել է նա:
Սարգսյանը նշել է, որ հայ ժողովուրդը պետք է պատվով հաղթահարի այս փուլը և միջազգային հանրությանը ներկայանա որպես երկիր, որը ոչ միայն ժողովրդավարական է և գնում է դեպի լիակատար ժողովրդավարություն, այլ նաև որպես պետություն, որն օրինակ է ցույց տալիս ամբողջ աշխարհին, ինչպես կարելի է իրականացնել փոփոխություններ՝ առանց խախտելու օրենքը, պահպանելով լեգիտիմությունը, հանգիստ, երկխոսության և հանդուրժողականության մթնոլորտում:
«Կարծում եմ, որ սա էական է»,- ընդգծել է նա:
Ժողովրդավարությունը որպես քաղաքական հավատամք
Համաձայնելով նախագահի դիրքորոշման հետ, Փաշինյանը նշել է, որ ներկայումս շատ է խոսվում և մտավախություն բարձրաձայնվում այն մասին, թե ինչպես կընթանան քաղաքական պրոցեսները երկրում:
«Մեր գործընկերների հետ շփումների ընթացքում առանձնհատուկ նշում եմ, որ ժողովրդավարությունը մեզ համար կարգախոս կամ ձևականություն չէ. Ժողովրդավարությունը մեր քաղաքական հավատամքն է, այն է, ինչի համար մենք պայքարում ենք»,- հայտնել է նա:
Վարչապետի ժ:պ. խոսքերով, Հայաստանում պարզապես չկա ժողովրդավարական կառավարման, օրենքի գերակայության, թափանցիկության, մարդու իրավունքների պաշտպանության բարձր մակարդակի, անկախ դատական համակարգի այլընտրանք, քանի որ բոլորը համոզված են, որ անհնար է հասնել լուրջ հաջողությունների առանց այդ հիմնարար բաղադրիչների :
«Այնպես որ համոզված եմ, որ գոյություն ունի բոլոր քաղաքական ուժերի միանշանակ համաձայնությունն այդ հարցի վերաբերյալ առ այն, որ մենք պետք է հստակ և վստահ քայլերով շարժվենք ժողովրդավարության ուղիով, ուր ընդմիշտ բացառված կլինի ընտրությունների որևէ կեղծարարուրություն: Այն արդեն արմատախիլ է արվել Հայաստանում, և ես համոզված եմ, որ երբեք չի կրկնվի»,-ընդգծել է նա:
Այս կապակցությամբ Փաշինյանը նշել է, որ իր համոզմունքը հիմնված է այն բանի վրա, որ նա տեսնում է ժողովրդի կամքը, տեսնում է, որ ժողովրդավարությունը, ազատությունը, օրենքի գերակայությունն իրոք հանդիսանում են ժողովրդի կամքը և ցանկությունը, որոնք անհերքելի են:
«Ուրախ եմ լսել դա, համոզված եմ, որ այդ ամենը կյանքի կկոչվի: Մեր ժողովուրդը գիտակցում է, որ ազատ և ժողովրդավար ընտրություններն այն ուղին են, որի վրա նրանք կառուցելու են ապագա ազատ և ժողովրդավար պետությունը. Իսկ ընտրություններն իրականում հանդիսանում են առաջին քայլը»,- ասել է նախագահը:
Հեղափոխություն ընտրաթերթիկների միջոցով
Այս ենթատեքստում կառավարության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարն ասել է, որ հեղափոխություն իրականացնելու ամենալավ վայրը և միջոցը ընտրական տեղամասերն են:
«Պարզապես անհրաժեշտ է իսկապես երաշխավորել, որ ժողովրդի կամարտահայտությունն արտացոլված լինի ընտրությունների պաշտոնական արդյունքներում: Հայ ժողովուրդը պետք է իմանա, որ ընտրությունների միջոցով նա կարող է փոխել և քաղաքապետին, և գյուղական ավագանուն, և խորհրդարանը, և այդպիսով՝ վարչապետին»,- հավելել է նա:
Անվերջությունը և ժողովրդավարության ձևերը
Համաձայնելով Փաշինյանի բերած օրինակի հետ, Սարգսյանը նշել է, որ ժողովրդավարությունը և՛ մշակույթ է և՛ գործընթաց, քանզի գոյություն չունի վերջնական ժողովրդավարություն:
«Ժողովրդավարությունն անընդհատ փոխում է իր ձևը կյանքի ընթացքում, կյանքի հետ, տարիների և դարերի ընթացքում: Սակայն անփոփոխ են մնում կարևոր հիմնական սկզբունքները՝ մարդը, մարդու իրավունքներն, ինչպես նաև այդ իրավունքներն ու կարծիքներն արտահայտելու բարձրագույն իրավունքը»,- ընդգծել է նա:
Սարգսյանը հաջողություն է մաղթել Փաշինյանին նախ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակում, քանի որ այս փուլում հարկավոր է, որ կառավարությունը և բոլոր պետական՝ առաջին հերթին անվտանգությունն ապահովող կառույցները գործեն անխափան:
«Ես նաև մաղթում եմ Ձեզ հաջողություններ որպես քաղաքական կուսակցության առաջնորդ: Հաջողություն եմ մաղթում և մնացած բոլորին, մեր բոլոր քաղաքական գործիչներին, կուսակցություններին, որոնք Ձեր քաղաքական ուժի հետ մասնակցելու են ընտրություններին, որ ազատ և ժողովրդավարական պայմաններում կարողանան ոչ միայն իրենց կարծիքն արտահայտել, այլև, համապատասխանաբար, իրենց արժանի տեղը զբաղեցնել»,-ամփոփել է Հայաստանի նախագահը:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 16-ին հրաժարական է տվել՝ խորհրդարանի լուծարման և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նպատակով: Նույն օրը Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է կառավարության հրաժարականը:
Հոկտեմբերի 8-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը և Փաշինյանը հուշագիր են ստորագրել դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին, որի համաձայն կուսակցությունը պարտավորվում է վարչապետի թեկնածու չառաջադրել:
Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) հայտարարություն է տարածել հոկտեմբերի 9-ին այն մասին, որ նույնպես չի ներկայացնի վարչապետի թեկնածություն, սակայն հերքել է Փաշինյանի կողմից հայտարարված արտահերթ ընտրությունների ժամկետը: Սակայն ավելի ուշ կուսակցության շուրջ երկու տասնյակ պատգամավոր ստորագրել են փաստաթուղթ այն մասին, որ իրենք կողմ են Փաշինյանի՝ 2018թ. դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու դիրքորոշմանը: ՀՅԴաշնակցության խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հոկտեմբերի 16-ին հայտարարել է, որ խմբակցությունը մտադիր չէ վարչապետի թեկնածություն ներկայացնել: