Բավ է պառակտվել
03-05-2018 16:37

Արմեն Սարգսյան․ Արդեն սկսել ենք կերտել նոր Հայաստան

«Մեր ժողովուրդը կրկին անգամ ցույց տվեց, որ ճակատագրական պահին ունակ է համախմբվելու և ազգանպաստ որոշումներ կայացնելու», - ասված է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի այսօր հրապարակած ուղերձում:

«Հանրապետությունում առկա քաղաքական ճգնաժամը հաղթահարելու նպատակով երեկվա ընթացքում տարբեր մակարդակներով հագեցած քննարկումներից հետո ներգրավված քաղաքական ուժերը հանդես եկան հայտարարություններով, որով տրամաբանական ավարտին են հասցվում երկրում ծավալված ժողովրդավարական զարգացումները: Այս կապակցությամբ ողջունում եմ Նիկոլ Փաշինյանի գլխավորած համաժողովրդական շարժման, Հայաստանի Հանրապետական կուսակցության, «Բարգավաճ Հայաստան»-ի, «Ելք» դաշինքի և ՀՅԴ պատասխանատու կեցվածքը, որը բխում է Հայաստանի և մեր ժողովրդի գերակա շահերից և դուռ բացում ազգային համերաշխության», - հայտարարում է Հայաստանի նախագահը:

«Այս օրերին Հայաստանը համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում է: Մենք անցնում ենք փորձությունների միջով և վստահ եմ, որ մայիսի 8-ին կամրագրվեն հանուն բարեփոխումների համազգային շարժման ձեռքբերումները, որի մեջ իրենց մասն ունեն բոլորը՝ քաղաքական ուժերից սկսած մինչև մեր ժողովրդի բոլոր հատվածները Հայաստանում, Արցախում թե Սփյուռքում: Այն կբարձրացնի մեր հեղինակությունը և վարկն աշխարհում», - ասված է Արմեն Սարգսյանի ուղերձում: - «Այս ամենի մեջ ուզում եմ հատկապես բարձր գնահատել մեր պայծառ երիտասարդության ներգրավվածությունը և վճռորոշ դերը: Երիտասարդություն, որն իր ստեղծարար եռանդով, նպատակասլացությամբ եւ հանդուրժողականությամբ այս բախտորոշ օրերին ամենուր սփռում էր լույս, համերաշխություն, սեր և հավատ»:

«Հպարտ եմ մեր ժողովրդով՝ Հայաստանի հպարտ քաղաքացիներով, մեր միասնականությամբ և համերաշխությամբ: Հավատացած եմ և տեսնում եմ, որ արդեն սկսել ենք կերտել նոր Հայաստան, որը դեպի իրեն է քաշելու մեր ժողովրդի բոլոր զավակներին, իր մեջ կուտակելու և իրացնելու է նրանց տաղանդը, ձեռներեցությունը և եռանդը», - Հայաստանի նախագահի գրասենյակի փոխանցմամբ՝ ասված է Արմեն Սարգսյանի ուղերձում:

Հիշեցնենք, խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի երեկվա հայտարարություններից հետևում է, որ ժողովրդական շարժումը գլխավորող Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի մայիսի 8-ի հատուկ նիստում կընտրվի Հայաստանի վարչապետ: Նույն հարցով Ազգային ժողովի նախորդ՝ մայիսի 1-ի հատուկ նիստում Փաշինյանը չստացավ բավարար թվով ձայներ, չորս խմբակցություններից նրա թեկնածությանը դեմ էր խորհրդարանական մեծամասնությունը՝ Հանրապետականը: