Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների առանց նախապայմանների կարգավորմանն, ասել է ուրբաթ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կառավարությունում ճեպազրույցի ժամանակ։
Գրիգորյանը հիշեցրել է, որ և՛ նախնտրական փուլում, և՛ ընտրություններից հետո Հայաստանում խոսվել է ամբողջ տարածաշրջանում խաղաղության հաստատման, խաղաղության և կայունություն ապահովելու դարաշրջան բացելու մասին և այդ տրամաբանության շրջանակներում, նրա խոսքով՝ պետք է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ։
«Այդ կարգավորումը պետք է լինի աստիճանաբար։ Մենք համոզված ենք, որ այդ հարաբերությունների կարգավորման հնարավորություններից մեկը բարձրագույն մակարդակում երկխոսություն ունենալն է»,- ասել է նա։
ԱԽ քարտուղարը հայտարարել է, որ հայկական կողմը բազմիցս կրկնել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների, քանի որ երբ երբ նախապայմաններ են լինում՝ դժվար է լինում որևէ հարցում առաջընթաց ունենալ։
«Մենք հույս ունենք, որ հարաբերությունների կարգավորում կլինի առանց նախապայմանների, և հնարավորություն կստեղծվի երկխոսություն սկսել առանց դրանց։ Բոլոր գոյություն ունեցող հարցերը հետագայում քննարկելի են, բայց նախապայմաններով հարաբերություններ սկսելը շատ դժվար կլինի»,- ասել է նա։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ երկրի կառավարությունը Թուրքիայի նախագահի հայտարարություններում հնարավորություն է տեսնում խոսել հարաբերությունների կարգավորման, հայ-թուրքական երկաթուղիների և մայրուղիների գործելու վերսկսման մասին: Փաշինյանը խոսել է նաև «Թուրքիայից ստացվող դրական ազդակների» մասին՝ տարածաշրջանային խաղաղության համատեքստում: «Մենք կգնահատենք այս ազդակները և դրական ազդակներին կպատասխանենք դրական ազդակով», - ասել է նա:
Իր հերթին, Էրդողանն ասել է, որ Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների աստիճանական կարգավորմանը՝ հաշտարար հայտարարությունների ֆոնին, և նա տեսնում է «դրական» ազդակներ: