Բավ է պառակտվել
15-03-2022 21:16

Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու սահմանների բացմանը. ԱԳ նախարար

Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու սահմանների բացմանն, հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյան «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում։

«Ուրախ էի իմ թուրք գործընկերոջից լսել, որ իրենց կողմից նույնպես կա քաղաքական կամք՝ գործընթացը տանելու այդ նպատակին։ Կարծում եմ՝ հիմա, երբ իրադարձություններն աշխարհում շատ արագ են զարգանում, մենք չպետք է վարանենք կոնկրետ քայլեր ձեռնարկել», - ասել է նա՝ ամփոփելով իր մասնակցությունը Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումին և կայացած հանդիպումները։

Պատասխանելով հարցին, թե որո՞նք են կարգավորման գործընթացի օգուտները հայ և թուրք ժողովուրդների համար․ Միրզոյանն ասել է, որ մարդիկ արդեն իսկ օգտվում են Երևան-Ստամբուլ ուղիղ չվերթներից։
«Սահմանների բացումն իր դրական ազդեցությունը կունենա երկու երկրների միջև կոմունիկացիոն հաղորդակցության, առևտրատնտեսական հարաբերությունների, մարդկանց միջև շփումների և, ընդհանրապես, տարածաշրջանում կայունության վրա», - ասել է նա։

Անդրադառնալով Թուրքիայի և Հայաստանի միջև փոխադարձ պաշտոնական այցերի հավանականությանը, ՀՀ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ փոխայցելությունները հնարավոր են «եթե կարգավորման գործընթացը հարթ ընթանա, և մենք հասնենք դրական արդյունքների»։

Ի պատասխան հարցին, թե ինչպիսին է հայ ժողովրդի մոտեցումը կարգավորման գործընթացին, Միրզոյանը նշել է, որ ընդհանուր առմամբ Հայաստանի բնակչությունը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ։

«Դա արտացոլված է նաև հասարակական կարծիքի վերաբերյալ հարցումներում։ Իհարկե, և՛ հայկական, և՛ թուրքական հասարակություններում կան խմբեր, որոնք, այսպես ասեմ, թերահավատորեն են վերաբերվում այս գործընթացին»,- հավելել է նա։

Արտգործնախարարի խոսքով, երկու կողմերի պաշտոնյաները պետք է քաղաքական առաջնորդություն ստանձնեն այս խնդիրները հասցեագրելու ուղղությամբ:
«Նախարար Չավուշօղլուի հետ իմ հանդիպման ընթացքում մենք կարծիքներ ենք փոխանակել որոշակի զգայուն կետերի վերաբերյալ, և ես հույս ունեմ, որ դրանք հաշվի կառնվեն»,- ասել է Միրզոյանը։

Հայ-թուրքական հանդիպումների մասին

Հունվարի 14-ին Մոսկվայում կայացավ երկխոսության հայ և թուրք հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը։

Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ հանդիպումն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում, հատուկ ներկայացուցիչները նախնական մտքեր են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի շուրջ։

Մարտի 12-ին Անթալիայում՝ Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումի շրջանակում, տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը։

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բացակայության մասին

1991-ի դեկտեմբերի 24-ին Թուրքիան պաշտոնապես ճանաչել է Հայաստանի Հանրապետությունը, բայց մինչ օրս հրաժարվում է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել:

1993-ին Թուրքիան միակողմանիորեն փակեց իր օդային և ցամաքային սահմանները Հայաստանի հետ: Օդային սահմանը բացվել էր 1995-ին` միջազգային հանրության ճնշման ներքո: Ցամաքային սահմանի բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար Թուրքիան առաջ էր քաշում մի շարք անընդունելի պայմաններ, մասնավորապես` հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից:

1991 թվականից ի վեր արվել են երկկողմ հարաբերությունների կարգավորման մի շարք փորձեր, որոնք արդյունք չեն տվել Թուրքիայի դիրքորոշման պատճառով:

Հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008-ի աշնանը նախաձեռնել էր Հայաստանի այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանը: 2009 թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները, որոնք պետք է վավերացվեին երկու երկրների խորհրդարանների կողմից: Սակայն 2010 թվականի ապրիլի 22-ին Սարգսյանն իր հրամանագրով կասեցրեց հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը` հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել այն։