Բավ է պառակտվել
22-11-2022 19:46

«Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել». նախագահ

Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում. Այս մասին SpecialEurasia-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։

Նախագահը հայտարարել է, որ Հայաստանի համար բարիդրացիական հարաբերությունների հաստատումն իր բոլոր հարևանների, այդ թվում՝ Թուրքիայի հետ երբևէ վիճարկելի գաղափար չի եղել:

«Հայաստանի Հանրապետության համար բարիդրացիական հարաբերությունների հաստատումն իր բոլոր հարևանների, այդ թվում՝ Թուրքիայի հետ երբևէ վիճարկելի գաղափար չի եղել: Մենք մշտապես հանդես ենք եկել Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման, սահմանների բացման դիրքորոշմամբ: Պետք է շեշտել, որ առանց նախապայմանների ձևակերպումը դիվանագիտական խուսանավում չէ և վերաբերում է նաև Ցեղասպանության ճանաչման խնդրին»,- ասել է նա։

Խաչատուրյանը ափսոսանքով նշել է, որ տասնամյակներ շարունակ առաջինը Թուրքիան է Հայաստանի հետ սահմանների բացման և հարաբերությունների կարգավորման համար նախապայմաններ առաջադրել՝ ինչ-որ առումով սպասարկելով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում ադրբեջանական օրակարգը:

«Միևնույն ժամանակ, կարևոր եմ համարում ընդգծել, որ 1990-ականների սկզբին և 2008-2009 թվականներին Հայաստանն ու Թուրքիան ունեին հնարավորություն գնալ արմատական փոփոխության և շարժվել կարգավորման ուղղությամբ: Այդ հնարավորությունները լիարժեք կերպով չօգտագործվեցին, բայց այսօր ես առավել կարևոր եմ համարում ոչ թե անցյալի բացթողումների կամ ինչ-ինչ կորսված հնարավորությունների մասին խոսելը, այլ ապագային նայելն»,- ասել է նա։

Խաչատուրյանը հույս է հայտնել, որ Հայաստանը կկարողանա քաղաքակիրթ, կարգավորված և կանխատեսելի բարիդրացիական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ։

«Ես այն համոզմանն եմ, որ անգամ բարդագույն խնդիրների լուծման բանալին զարգացումն ու ժողովրդավարությունն է, որոնք չենք կարող գոյություն ունենալ նախապայմաններով կամ բացառություններով: Այս տեսանկյունից քաղաքակիրթ հարաբերությունների հաստատումը Թուրքիայի և ընդհանարապես, բոլոր հարևան երկրների հետ, Հայաստանը տեսնում է որպես հնարավորություն ժողովրդավարության և զարգացման հասնելու և բարդագույն խնդիրների հաղթահարման համար»,- ասել է նախագահը։