Բավ է պառակտվել
25-11-2022 15:12

Հայաստանը պատրաստ է դեկտեմբերի 7-ին Ադրբեջանի հետ հանդիպմանը՝ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության և ձևաչափի համաձայն. ԱԳՆ

Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե դեկտեմբերի 7-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նախատեսված հանդիպումը չի կայանա, քանի որ հայկական կողմը հանդիպմանը համաձայն է պայմանով, որ դրան մասնակցի նաև Ֆրանսիայի նախագահը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հիշեցրել է, որ նախորդ հանդիպումը Պրահայում, որտեղ ձեռք է բերվել հանդիպումները շարունակելու պայմանավորվածություն, անցել է քառակողմ ձևաչափով։

«Տրամաբանական է, որ հանդիպման ձևաչափը և մասնակիցների կազմը պետք է լինի նույնը։ Ադրբեջանական կողմի բոլոր հայտարարությունները, թե հայկական կողմը փորձում է խաթարել հանդիպման անցկացումը և խաղաղության գործընթացն իրականության հետ որևէ աղերս չունեն։ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է դեկտեմբերի 7-ի հանդիպմանը՝ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության և ձևաչափի համաձայն»,- ասել է նա։

Միաժամանակ Հունանյանը նշել է, որ Ադրբեջանը դեռևս չի արձագանքել ՝ խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի առաջարկներին։

Պրահայում հանդիպման մասին

Հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացավ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Միշելի քառակողմ հանդիպումը։

Արդյունքում ընդունվեց հայտարարություն, որում Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Նրանք հաստատեցին, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար, և որ այդ հանձնաժողովների հաջորդ նիստը կկայանա Բրյուսելում մինչև հոկտեմբերի վերջ: