Հայաստանը պատրաստ է հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով զորքերի հայելային հետ քաշմանը։ Այս մասին հինգշաբթի կառավարության նիստից առաջ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ադրբեջանի գործողությունները սադրիչ են և հակասում են 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում և 2022-ի հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած հանդիպումներում ընդունված հայտարարություններին: Սահմանային իրավիճակի քաղաքական գնահատականի առումով կարծում եմ՝ կարևոր է նախորդ օրը ԵՄ-ի կողմից տարածված հաղորդագրությունը, որտեղ ընդգծվում է 1991 թվականի սահմանագիծը: Խոսքը Հայկական ԽՍՀ և Ադրբեջանական ԽՍՀ միջև գոյություն ունեցած վարչական սահմանագծի մասին է, որը 1991-ի դեկտեմբերի 21-ին Ալմաթիի հռչակագրով վերածվել է պետական սահմանի: Այդ սահմանագիծը պետք է հարգվի, նշված է ԵՄ հայտարարության մեջ»,-ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ ԵՄ-ն առաջարկում է սահմանագծից երկու կողմերի զինված ուժերի հետ քաշումը ապահով հեռավորության վրա որպես իրադրության կայունության հուսալի երաշխիք:
«Հայաստանը պատրաստ է գնալ նման միջոցի՝ Հայաստան-Ադրբեջան 1991-ի սահմանային գծի ողջ երկայնքով: Մենք այս մասով մեր պատրաստակամությունը հայտնում ենք 2021-ից և նման գործողությունը բխում է Պրահայի քառակողմ և Սոչիի եռակողմ պայմանավովածությունների տրամաբանությունից»,-հայտարարեց Փաշինյանը:
Փաշինյանը նշեց, որ Ադրբեջանի ոչ կառուցողական մոտեցումը խոչընդոտում է այդ քայլերի իրականացմանը։
«Ադրբեջանը սիստեմատիկ կերպով ի ցույց է դնում միջազգային հարթակներում ձեռք բերված պայմանավորվածությունները չկատարելու իր գործելակերպը»,- ասաց նա՝ նշելով, որ խոսքը նաև հայ գերիների ազատ արձակման և Հայաստանը Արցախի հետ կապող Լաչինի միջանցքի արգելափակման մասին է։
Հայաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Տեղ համայնքի տարածքում ինժեներական աշխատանքներ կատարող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ։ Ժամը 17:30-ի սահմաններում ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները նույն ուղղությամբ կիրառել են ականանետեր։ Ըստ ՀՀ ՊՆ հաղորդագրության, հայկական կողմից զոհվել է չորս զինծառայող, վիրավորվել՝ վեցը։
