Բավ է պառակտվել
03-11-2022 17:28

Հայաստանը պատրաստ է հնարավորինս արագ բացել հաղորդակցությունները, իսկ Ադրբեջանը պնդում է «միջանցքային» տարբերակի վրա

Հայաստանը պատրաստ է ճանապարհների շուտափութ բացմանը։ Այս մասին ԱՊՀ Անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստում ասել է Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, հայտնում են Հայաստանի ԱԽ մամուլի ծառայությունից։

«Սակայն, ինչպես տեսնում ենք, ադրբեջանական կողմը շահագրգռված չէ նման կառուցողական եղանակով հարցի իրական լուծմամբ և շարունակում է առաջ քաշել լուծման «միջանցքային» տարբերակը, որն անընդունելի Հայաստանի համար»,- ասել է Գրիգորյանը։

Միաժամանակ նա նշել է, որ եռակողմ հայտարարությունը ենթադրում է, որ հաղորդակցությունները պետք է բացվեն ոչ միայն Ադրբեջանի, այլև Հայաստանի համար։

«Հայաստանը շահագրգռված է Ադրբեջանի տարածքով անցնող հաղորդակցման ուղիների և կապուղիների օգտագործմամբ՝ նպատակ ունենալով երկու ուղղություններով բեռնափոխադրումներ իրականացնել:»,- ասել է նա։

2020թ․ Արցախում 44-օրյա պատերազմի մասին
Սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը Ադրբեջանի զինված ուժերը Թուրքիայի և վարձկան ահաբեկիչների ներգրավմամբ ագրեսիա են իրականացրել Արցախի դեմ ճակատում և թիկունքում՝ հրթիռահրետանային զենքերի, ծանր զրահամեքենաների, ռազմական ինքնաթիռների և արգելված տեսակի զենքերի (կասետային ռումբեր, ֆոսֆորային զենք) գործադրմամբ։ Ակտիվորեն օգտագործվել են նաեւ «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերը, որոնք մեծ վնասներ են հասցրել։Հարվածներ են հասցվել նաև քաղաքացիական և ռազմական օբյեկտներին Հայաստանի տարածքում։
2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները ստորագրեցին հայտարարություն Արցախում բոլոր ռազմական գործողությունները դադարեցնելու մասին: Փաստաթղթի համաձայն, կողմերը կանգ են առնում իրենց դիրքերում. Շուշի, Աղդամ, Քելբաջար և Լաչին շրջանները անցնում են Ադրբեջանին, բացառությամբ Ղարաբաղը Հայաստանի հետ կապող 5 կիլոմետրանոց միջանցքի: Ղարաբաղում շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է ռուսական խաղաղապահ զորախումբ։ 2021 թվականի հունվարի 11-ին Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համատեղ հայտարարություն ստորագրեցին տարածաշրջանի զարգացման և հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ։
Վերջին տվյալների համաձայն՝ Արցախում 44-օրյա պատերազմի ընթացքում հայկական կողմը կորցրել է 3812 մարդ, 217 քաղաքացի համարվում է անհետ կորած, ադրբեջանական գերությունից վերադարձվել է 141 զինծառայող և քաղաքացիական անձ։