Բավ է պառակտվել
16-12-2021 11:25

Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են Երասխ - Ջուլֆա - Օրդուբադ - Մեղրի - Հորադիզ երկաթուղու կառուցման շուրջ

Բրյուսելում Ադրբեջանի նախագահի հետ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը կողմերը վերահաստատել են Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցման որոշումը և պայմանավորվածությունը: Այս մասին հինգշաբթի կառավարության նիստում հայտարարեց Փաշինյանը:
Նշենք, որ Երասխը բնակավայր է Երևանին հարող ՀՀ Արարատի մարզի ծայրամասում, Մեղրին քաղաք է Սյունիքում (Հայաստանի հարավում, սահմանակից է Իրանին և Ադրբեջանին)։ Նշված մնացած բնակավայրերը՝ Ջուլֆա-Օրդուբադ-Հորադիզ, քաղաքներ են Ադրբեջանում։
Փաշինյանը հիշեցրեց, որ այդ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել երեք երկրների փոխվարչապետների մակարդակով տարածաշրջնային կոմունիկացիաների բացմամբ զբաղվող Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ աշխատանքային խմբի քննարկումների արդյունքում։
«Այդ պայմանավորվածությունն արձանագրվել էր նոյեմբերի 26-ին Սոչիում Պուտինի միջնորդությամբ և Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպումների ժամանակ»,-ասաց նա:
Վարչապետն ընդգծեց, որ երկաթուղին կգործի միջազգայնորեն ընդունված սահմանային և մաքսային նորմերին համապատասխան՝ երկրների ինքնիշխանության և իրավասության մեջ փոխադարձության սկզբունքով։ Նա նշեց, որ Հայաստանն այս երկաթգծով ելք կստանա դեպի Իրան և Ռուսաստան, իսկ Ադրբեջանը՝ երկաթուղային կապ Նախիջևանի հետ (ինքնավար հանրապետություն, ադրբեջանական էքսկլավ - խմբ.):
«Ուզում եմ ուշադրություն հրավիրել հետևյալ ասպեկտի վրա․ եթե մեզ հաջողվի որոշակի երկխոսություն սկսել Թուրքիայի հետ ու հաջողվի հասնել սահմանի ու կոմունիկացիաների բացման, ապա նախագիծը կարող է շատ ավելի մեծ մասշտաբ ստանալ. Այսինքն՝ երկաթուղին, որի մասին խոսում ենք, գոյություն ունի Երասխից մինչև Գյումրի և Գյումրիից Կարս», - ասաց նա։
Փաշինյանի խոսքով՝ պետք է սկսել շինարարությունը, ավարտի հասցնելով նախագծման, տենդերների և այլ նախապատրաստական աշխատանքները։
«Այդ աշխատանքի մի մասն արդեն իսկ արված է, բայց հիմա պետք է գործնական ու ամենօրյա աշխատանով լուծենք այս խնդիրը։ Մենք այս հարցով նեղ կազմով խորհրդակցություն կանենք, որպեսզի կոնկրետացնենք մեր պատկերացումները, գրաֆիլը, ճանապարհային քարտեզը։ Մեր ցանկությունն է օր առաջ ունենալ երկաթուղին», - ասաց նա։
Փաշինյանը նշեց, որ այս պայմանավորվածությունը կարևոր է այն առումով, որ էականորեն կփոխի տարածաշրջանի տնտեսական, ներդրումային, իհարկե, քաղաքական ու անվտանգային միջավայրը։ Նա ընդգծեց, որ առաջիկայում իշխանությունները պետք է նաև կենտրոնանան այս խնդրի լուծման վրա։
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև Ադրբեջանի նախագահի հետ, որ շփումները շարունակվելու են՝ փորձելով ձևավորել և ձևակերպել ընդհանուր կարծիքներ և մոտեցումներ մեր օրակարգային հարցերի շուրջ․ այսինքն՝ համաձայնեցնել և հաղթահարել առկա տարաձայնություններն»,- ասաց նա։
Եռակողմ հանդիպումը Բրյուսելում
Դեկտեմբերի 14-ին Բրյուսելում կայացած Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը հաստատվել է երկաթուղու վերագործարկումը միջազգային սահմանային և մաքսային կանոններին համապատասխան՝ փոխադարձության սկզբունքով՝ երկրների ինքնիշխանության և իրավասության ներքո։
Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են սահմանին դեէսկալացիայի անհրաժեշտության մասին՝ նախքան սահմանագծման և սահմանազատման բանակցությունների մեկնարկը։ Եվրամիությունը փորձագետների առաքելություն կտրամադրի Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերը լուծելու համար։
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հաստատել են, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի երկու եռակողմ հայտարարությունների շրջանակներում ստանձնած առանցքային պարտավորությունները կկատարվեն, և որ 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է իրականացվեն։
Միշելը կոչ է արել ամբողջական և շուտափույթ լուծում տալ բոլոր հումանիտար խնդիրներին, ինչպիսիք են գերիների ազատ արձակումը և անհայտ կորածների ճակատագիրը, միաժամանակ գիտակցելով, որ երկու կողմերի մարդասիրական ժեստերը նաև նպաստում են վստահության ձևավորմանը և օգնում են բարենպաստ միջավայր ստեղծել խաղաղության և հաշտեցման համար: