Բավ է պառակտվել
22-02-2022 12:02

Հայաստանն ու Ադրբեջանը ներկայացրել են իրենց դիրքորոշումները Երևանում ընթացող «Եվրանեսթ»-ի նիստում

Երեքշաբթի օրը Երևանում կայացած Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի նիստում հայ և ադրբեջանցի պատգամավորները ներկայացրել են իրենց դիրքորոշումները։ «Նովոստի-Արմենիա» հեռագրաալիքը ներկայացնում է հիմնական հայտարարությունները.

Փետրվարի 21-22-ը Երևանում տեղի են ունենում «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոների և հանձնաժողովների նիստերը։ Դրանց մասնակցում են Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների և Եվրախորհրդարանի պատգամավորները։ Ի թիվս այլ մասնակիցների՝ Երևան են ժամանել երկու ադրբեջանցի պատգամավոր։ Հանդիպմանը զուգահեռ ՄՀՀ-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում ադրբեջանցի պատգամավորների այցի դեմ՝ «Հայաստանն առանց թուրքերի» կարգախոսով։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը հայտարարել է, որ Հայաստանը ձգտելու է ապաշրջափակել հաղորդակցման ուղիները, քանի որ կարծում է, որ «փոխկախվածությունը թույլ կտա ավելի հաջող լուծել խնդիրները»։

Նա նշել է, որ զորքերը պետք է հայելային եղանակով հետ քաշվեն շփման գծից, իսկ ղարաբաղյան հակամարտությունը դեռ լուծված չ և բոլոր ռազմագերիները պետք է վերադարձվեն։

Պատգամավորը հայտարարել է նաև, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը պետք է տեղի ունենա ղարաբաղյան հակամարտության հարցից անկախ, և Հայաստանը ցանկանում է բանակցությունների արդյունքները տեսնել սահմանների բացման տեսքով։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հիշեցրել է, որ 2020 թվականին Արցախի վրա ահաբեկչական հարձակում է իրականացվել, և Ադրբեջանը, չնայած կոչերին, սկսել է ռազմական գործողություններ, այդ թվում՝ խաղաղ բնակչության դեմ։

Նա հայտարարել է, որ պատերազմի ընթացքում բազմաթիվ խաղաղ բնակիչներ են գերեվարվել և խոշտանգվել, իսկ ոմանք դեռ գերության մեջ են։

Խաչատրյանն ասել է, որ Բաքուն սպառնացել է Հայաստանի ինքնիշխանությանը և փակել ճանապարհը դեպի Լեռնային Ղարաբաղ, իսկ հետո՝ դեպի Իրան։

«Հայաստան» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Աննա Գրիգորյանն ընդգծել է, որ չնայած 44-օրյա պատերազմին, ԼՂ հակամարտությունը դեռ լուծված չէ։ Նա հայտարարել է, որ դժվար է խոսել քաղաքական երկխոսության մասին, երբ գերիները դեռևս նվաստացվում են։

Պատգամավորը մատնանշել է, որ մինչ ընթանում է հանդիպումը՝ Ադրբեջանի Զինված ուժերը շարունակում են օկուպացնել հայկական տարածքները, իսկ «Եվրոպան լռում է»։

Գրիգորյանը հայտարարել է, որ եթե խնդիր է դրված ապահովել տարածաշրջանի անվտանգությունն, ապա երկակի ստանդարտները պետք է մերժվեն.

Ադրբեջանցի պատգամավոր Սոլթան Մամեդովը հայտարարել է, որ հակամարտությունը լուծվել է միջազգային իրավունքին համապատասխան և Ադրբեջանի սահմաններում, և այն ավարտվախ է։ Նա հայտարարել է, որ տարածաշրջանում նոր աշխարհաքաղաքական իրողությունը թելադրում է համագործակցության հաստատում։

Մամեդովը քննադատել է հայ պատգամավորներին իրենց հայտարարությունների համար և ասել, որ բոլոր գերիները վերադարձվել են Հայաստան։ Մամեդովը հայտարարել է, որ Ադրբեջանը բազմամշակութային երկիր է, որը երաշխավորում է հայերի ինտեգրումն ադրբեջանական հասարակությանը։ Նա նաև ողջունել է սահմանի սահմանագծման և սահմանազատման ուղղությամբ Հայաստանի քայլերը։

Ադրբեջանցի պատգամավոր Թահիր Միրկիշիլին ասել է, որ պետք է ձգտել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը և անմիջապես հավելել, որ «իր տունը հիշեցնում է Հիրոսիմա»։ Նա կարծում է, որ ռևանշիստական ​​տրամադրություններ չպետք է լինեն, բայց տարածաշրջանում համագործակցությունը զարգացնելու մեծ հնարավորություններ կան՝ Ռուսաստանի, Չինաստանի, Եվրոպայի հետ։ Միրկիշիլին հայտարարել է, որ 3+3 ձևաչափը կօգնի կայուն խաղաղության հասնել։

«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ի և Արևելյան Եվրոպայի իր գործընկերների միջև «Արևելյան գործընկերության» կազմակերպություն է, հիմնադրման ակտը ստորագրվել է 2011 թվականի մայիսի 3-ին։ ԵՄ «Արևելյան գործընկերություն» նախագծում ընդգրկված են Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան։ Հարթակի նպատակն է զարգացնել ինտեգրացիոն կապերը Եվրամիության և հետխորհրդային այս վեց երկրների միջև։