Պաշտոնական այցով Բուլղարիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել հանրապետության նախագահ Ռումեն Ռադևի հետ։
Անդրադառնալով տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում միջազգային համագործակցության հեռանկարներին՝ զրուցակիցները կարևորել են «Պարսից ծոց-Սև ծով» տրանսպորտային միջանցքի ստեղծման ուղղությամբ ինտենսիվ աշխատանքների իրականացումը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը։
Միրզոյանն ու Ռադևը անդրադարձ են կատարել հայ-բուլղարական հարաբերությունների զարգացման հեռանկարներին՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով խորացնելու երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունը, առևտրատնտեսական, տրանսպորտի, զբոսաշրջության, կրթական ոլորտներում համագործակցությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր։
Միրզոյանը Բուլղարիայի նախագահին է ներկայացրել հարավկովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակը, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին վերաբերող վերջին զարգացումները:
Երկուստեք շեշտվել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով։ Այս առումով նախարար Միրզոյանը ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը` ուղղված ԼՂ հակամարտության տևական լուծմանը, և բարձր գնահատել Բուլղարիայի դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո հակամարտության կարգավորման վերաբերյալ:
Ի թիվս այլ հրատապ լուծում պահանջող հումանիտար հարցերի՝ շեշտվել է հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց հայրեդադարձման, Արցախում հայկական կրոնական և պատմամշակութային կոթողների պահպանման անհրաժեշտությունը:
Հայաստանի ԱԳ նախարարը Բուլղարիայի նախագահին է ներկայացրել նաև Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը: