Բավ է պառակտվել
07-06-2019 21:50

Հայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են համագործակցության նոր ուղղությունները

Նախօրեին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայացել է ՆԱՏՕ-Հայաստան մշտական ներկայացուցիչների տեղակալների խորհրդի նիստը ՆԱՏՕ-ի Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրներում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի նախագահությամբ: 

Հայաստանի պաշտպանանկան գերատեսչության մամլո ծառայության հաղորդմամբ, հայկական պատվիրակությունը գլխավորել են պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը և արտաքին գործերի փոխնախարար Արտակ Ապիտոնյանը։

Նիստին քննարկվել է ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (IPAP) 2018-2019թ. գնահատման զեկույցը:

Հայաստանի ներկայացուցիչներն իրենց ելույթներում անդրադարձել են տարբեր ոլորտներում Հայաստան-ՆԱՏՕ երկխոսությանը և համագործակցությանը, վերահաստատել Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարության ներքո խաղաղապահ առաքելությունների շարունակականությանն ուղղված Հայաստանի պարտավորությունները:

Քննարկումներ են ծավալվել համագործակցության նոր ոլորտների վերաբերյալ, որտեղ իրականացվելիք նպատակները կարտացոլվեն IPAP շրջանակներում մշակված ծրագրերում:

Այնուհետև ներկայացվել են Հայաստանի պետական կառավարման ոլորտում իրականացվող և ընթացող բարեփոխումներն, ինչպես նաև Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման համար պայմաններ ստեղծելուն ուղղված ջանքերը:

Անդրադարձ է եղել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին և վերահաստատվել է ՆԱՏՕ-ի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելությանը:

ՆԱՏՕ-ի անդամ երկրների պատվիրակությունների ներկայացուցիչները բարձր են գնահատել Դաշինքի հետ Հայաստանի համագործակցության մակարդակը բոլոր ոլորտներում և աջակցություն են հայտնել պաշտպանության և անվտանգության ոլորտներում իրականացվող բարեփոխումներին:

Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցությունը ներկայումս կառուցվում է 2005 թվականի դեկտեմբերին ստորագրված Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (Individual Partnership Action plan) համաձայն: Հայաստանի մասնակցությունը IPAP- ին ներառում է պարբերական խորհրդատվություններ ՆԱՏՕ-ի հետ տարածաշրջանային անվտանգության, անվտանգության ռազմավարության զարգացման, հայկական ռազմական դոկտրինի, պաշտպանության և բյուջեի պլանավորման գործընթացի բարելավման և այլ հարցերի վերաբերյալ: