Բավ է պառակտվել
29-10-2019 21:20

Հայաստանը և Ռուսաստանը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագորակցության 2020թ․ ծրագիրը

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի Երևան այցի արդյունքներով երեքշաբթի ստորագրվել է Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունների համագործակցության 2020 թ. ծրագիրը, հայտնել է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը ՝ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի գլխավորությամբ, հոկտեմբերի 29-ին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան:
Ինչպես նշվել է հաղորդագրությունում, հանդիպման պաշտոնական արարողությունից հետո Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանը և Սերգեյ Շոյգուն առանձնազրույց են ունեցել, որն այնուհետև շարունակվել է ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ:
Համագործակցության հեռանկարներ
Ողջույնի խոսքում Հայաստանի պաշտպանության նախարարը բարձր է գնահատել հայ-ռուսական ռազմավարական համագործակցության ընթացքը ՝ գոհունակությամբ ընդգծելով համատեղ ռազմական և ռազմատեխնիկական միջոցառումների արդյունավետությունը: Նա վստահություն է հայտնել, որ պատվիրակության այցը նոր խթան կհաղորդի պաշտպանության ոլորտում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը և կնպաստի տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդմանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար ՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարը նշել է, որ իր այցը սկսվել է Գյումրիում: Նա շեշտել է տեղի բնակչության բարեկամական վերաբերմունքը Ռուսաստանի 102-րդ ռազմակայանի անձնակազմի նկատմամբ:
Շոյգուն գոհունակությամբ արձանագրել է պաշտպանական ոլորտում երկկողմ և բազմակողմ հարաբերությունների բարձր մակարդակը և դրանց ռազմավարական դաշնակցային բնույթը: Նախարարն ընդգծել է համատեղ մարտական պատրաստության, օպերատիվ պլանավորման, ռազմական կրթության, ինչպես նաև Ռուսաստանի 102-րդ ռազմակայանի ամրապնդման ոլորտներում հետևողական զարգացման կարևորությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը, համագործակցության հետագա զարգացման ուղիները և հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր: Շոշափվել է նաև նաև Սիրիայում մարդասիրական առաքելությունը:
Հիմնարկեք
Հանդիպումից հետո Տոնոյանը և Շոյգուն մասնակցել են Հայաստանի ՊՆ ռազմասպորտային ուսումնարանի հիմնարկեքի արարողությանը: Նախատեսվում է, որ ժամանակակից պահանջներին համապատասխան սարքավորված և տեխնոլոգիաներով հագեցված համալիրը կզբաղեցնի 46 հազ․ քմ տարածք։ Շինարարությունը կիրականացվի Ռուսաստանի պաշտպանության նախարարության տեխնիկական աջակցությամբ: