Բավ է պառակտվել
06-07-2019 10:31

Հայաստանը և Վիետնամը կանխատեսում են համագործակցության առաջընթաց

Պաշտոնական այցով Վիետնամում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա վիետնամացի գործընկեր Նգույեն Սուան Ֆուքը ուրբաթ օրը կայացած հանդիպման ժամանակ պատրաստակամություն են հայտնել խորացնել համագործակցությունը տարբեր ոլորտներում։

Ինչպես տեղեկացրել է հայկական կառավարության մամլո ծառայությունը, Վիետնամի վարչապետը, ողջունելով Փաշինյանին՝ վստահություն է հայտնել, որ այդ հանդիպումը կնպաստի համագործակցության զարգացմանը, ընդլայնմանը և ամրապնդմանը բոլոր բնագավառներում;

Նգույեն Ֆուքը խորհրդանշական է համարել այն հանգամանքը, որ Փաշինյանի այցը Վիետնամ համընկել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության հիմնադիր Հո Շի-Մինի` Հայաստան կատարած այցի 60-ամյակի հետ:

Նա ուրախությամբ նշել է, որ Հայաստանը հաղթահարում է դժվարությունները և քայլեր է ձեռնարկում տնտեսական զարգացման ուղղությամբ, ամրապնդվում է հանրապետության հեղինակությունը միջազգային ասպարեզում:

Վիետնամի վարչապետը վստահություն է հայտնել, որ Փաշինյանի այցի շրջանակներում հնարավոր կլինի նոր թափ հաղորդել երկկողմ փոխշահավետ համագործակցությանը տարբեր ոլորտներում:

Նա նշել է, որ դեռևս խորհրդային տարիներին բազմաթիվ վիետնամացիներ կրթություն են ստացել Հայաստանում և իրենց գիտելիքներով նպաստել երկրի առաջընթացին։

Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ իր այցի նպատակն է նպաստել հայ-վիետնամական քաղաքական, տնտեսական և հումանիտար կապերի առաջընթացին: 

«Մենք կքննարկենք հարցերի լայն շրջանակ և վստահ եմ, որ մեր կողմից ընդունվելիք որոշումները կնպաստեն մեր պետությունների զարգացմանը: Մեր երկրների միջև առկա հեռավորությունն ամենևին էլ չի կարող խոչընդոտ լինել համագործակցության զարգացման հարցում»,- ասել է վարչապետը:

Հայաստանի վարչապետի խոսքով, երկու երկրները մեծ ներուժ ունեն հարաբերությունները ընդլայնելու համար, և կառավարությունը պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկի, որպեսզի այն լիարժեք իրագործվի:

Ավելի ուշ, համատեղ ճեպազրույցի ընթացքում Փաշինյանը հաստատել է, որ անցկացվել են կառուցողական և շատ ինտենսիվ բանակցություններ, որոնք տեղի են ունեցել փոխադարձ վստահության մթնոլորտում:

“Կայացել է երկկողմ օրակարգի հարցերի շուրջ կարծիքների փոխանակում, կառուցողական մթնոլորտում քննարկվել են քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում առկա հիմնախնդիրները”, - ասել է Հայաստանի կառավարության ղեկավարը:

Նա հավելել է, որ իր այցի նպատակն է հիմքեր դնել ավելի դինամիկ և ինտենսիվ հարաբերությունների համար: