Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը խոսել է Հայաստանի իշխանությունների՝ անվտանգության երաշխիքներ գտնելու ցանկության մասին։
«2021 թվականի մայիսին, նոյեմբերին մենք դիմեցինք ՀԱՊԿ-ին օգնության խնդրանքով, և երբ օգնություն չստացանք, սկսեցինք այլընտրանքներ փնտրել: Երբ մեզ մեղադրում են մեր արտաքին քաղաքականությունը փոխելու մեջ, ես առաջին հերթին իրենց կմեղադրեի և կասեի, որ մենք առաջինն իրենց էինք դիմել մեր խնդիրները լուծելու համար»,- Սիվիլնեթին տված հարցազրույցում ասել է Գրիգորյանը։
Ըստ նրա՝ երբ ակնհայտ դարձավ, որ «խնդիրները չեն լուծվում, մենք սկսեցինք անվտանգության երաշխիքներ փնտրել»։
«Ուզում եմ նշել մի կարևոր բան․ այն ժամանակ Ուկրաինայում պատերազմ չկար, հիմա շատերը քննարկում են, որ այս ամենը տեղի է ունենում ուկրաինական պատերազմի պատճառով․ ոչ... Ես դա չէի անվանի վեկտորի փոփոխություն, ես դա կանվանեի անվտանգության որոշակի երաշխիքների փնտրտուք»,- ասել է ԱԽ քարտուղարը։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել էր, որ Հայաստանում ՀԱՊԿ առաքելության հնարավոր տեղակայման ժամկետները կախված են հայկական կողմից։ «Ռուսական կողմը գոհ է, որ Հայաստանը շահագրգռված է ՀԱՊԿ խաղաղապահներ ընդունելու հարցում: Մենք համոզված ենք, որ այդ քայլը կօգնի կայունացնել իրավիճակը տարածաշրջանում»,- ասել է նա։