ՀՀ ԱԺ փոխխոսնակ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է Թուրքիայի հետ ցամաքային հաղորդակցության բացման ներկա իրավիճակը։
«Ներկայումս հայկական կողմը ակտիվ աշխատանքներ է տանում Թուրքիայի հետ սահմանային գոտում ապագա Մարգարա անցակետի վերակառուցման և վերազինման ուղղությամբ։ Այդ աշխատանքները շուտով կավարտվեն։ Հուսով եմ, որ թուրքական կողմը նույնպես կկատարի պայմանավորվածությունը, և շուտով Երրորդ կողմի քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար սահմանը կբացվի»,- ասաց Ռուբինյանը ՀՀԸ եթերում։
Ըստ նրա՝ դա այն կետն է, որտեղից պարզ կդառնա՝ Թուրքիայի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները իրագործվո՞ւմ են, թե՞ ոչ։ «Նման դեպքերում շատ կարևոր է, որ ձեռք բերված առաջին պայմանավորվածությունները կատարվեն, քանի որ վստահության պակասի դեպքում, եթե պայմանավորվածությունները կատարվում են, ապա վստահությունը մեծանում է, իսկ եթե պայմանավորվածությունները չեն կատարվում, ապա վերանում է այն փոքր վստահությունը, որ կա։ Իսկ դա լավ չէ»,- ասաց Ռուբինյանը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մարգարայի անցակետը պետք է բացվեր մինչև ամառվա սկիզբ։ Այս առնչությամբ Ռուբինյանն ասաց, որ հարցը վերաբերում է տեխնիկական խնդիրներին.
«Թուրքիայի հետ կա կոնկրետ պայմանավորվածություն, որը ձեռք է բերվել իմ և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ (Սերդար Քըլըչի) միջև 2022 թվականի հուլիսի 1-ին, որից հետո հրապարակվել է հայտարարություն, ըստ որի՝ կողմերը պայմանավորվել են բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար»,- ասաց Ռուբինյանը։
Այս տարվա ապրիլի 21-ին Հայաստանի կառավարությունը 28,3 մլն դրամ (մոտ 73 հազար դոլար) է հատկացրել հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետի նախագծման և շինարարական ու վերանորոգման աշխատանքների համար։ Երեւանը ենթադրում է, որ այս անցակետը հնարավոր կլինի գործարկել ընթացիկ տարվա ամռանը։
Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Հայաստանի և Թուրքիայի միջև նորմալ հարաբերություններ հաստատելու մեծ հավանականության մասին։ Նա հույս ունի, որ մոտ ապագայում հայ-թուրքական սահմանը կբացվի, ինչը հիմքեր կստեղծի նորմալ բարիդրացիական հարաբերությունների զարգացման համար։
Հայ-թուրքական երկխոսության մասին
2021 թվականի դեկտեմբերին Հայաստանն ու Թուրքիան նշանակեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման իրենց հատուկ ներկայացուցիչներ՝ ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանին և փորձառու դիվանագետ, ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին։
2022 թվականի մարտի 12-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում տեղի ունեցավ Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը, որի ընթացքում քննարկվեց հարաբերությունների կարգավորման հետագա ընթացքը, կողմերը հաստատեցին իրենց պատրաստակամությունը առաջ տանել այս գործընթացը առանց նախապայմանների, որպեսզի այն պսակվի երկու երկրների միջև հարաբերությունների հաստատմամբ և սահմանների բացմամբ։
2022 թվականի հուլիսի 1-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ պայմանավորվեցին ապահովել հայ-թուրքական ցամաքային սահմանը հնարավորինս արագ հատելու հնարավորությունը համապատասխանաբար Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ ավիաբեռնափոխադրումների շուտափույթ մեկնարկի վերաբերյալ։