Բավ է պառակտվել
14-12-2021 11:47

Հայաստանը հատուկ ներկայացուցիչ կնշանակի Թուրքիայի հետ երկխոսություն սկսելու համար

Հայաստանը դրական է գնահատել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլու` Երևանի հետ հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին հայտարարությունը և կնշանակի իր ներկայացուցչին երկխոսությունը սկսելու համար։ Այս մասին գրել է երեքշաբթի իր ֆեյսբուքյան էջում Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Վահան Հունանյանը։
«Հայաստանը, ինչպես մշտապես նախկինում, այնպես էլ այժմ, պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացին, ինչն արձանագրված է ՀՀ կառավարության ծրագրում։ Այս առումով դրական ենք գնահատում Թուրքիայի ԱԳ նախարարի` հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին հայտարարությունը և հաստատում, որ հայկական կողմը ևս երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի»,–նշել է նա։
Երկուշաբթի Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ասել էր, որ մոտ ժամանակներս Անկարան և Երևանը հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն հարաբերությունները կարգավորելուն ուղղված քայլեր ձեռնարկելու համար։