Բավ է պառակտվել
02-09-2021 12:13

Հայաստանը նշել է Ադրբեջանի հետ սահմանի սահմանագծման և սահմանազատման պայմանները

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը «Ռիա Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում նշել է, թե երբ կսկսվեն սահմանագման և սահմանազատման շուրջ Ադրբեջանի և Հայաստանի բանակցությունները։

«Սահմանազատման և սահմանագծման շուրջ բանակցություններ չկան։ Այս պահին ընթանում են բանակցություններ, որոնց արդյունքները ցույց կտան պաշտոնական Բաքվի՝ համաձայնության գալու կարողության աստիճանը, ինչպես նաև վերջինիս պատրաստակամությունը՝ հրաժարվելու միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների կոպիտ խախտմամբ արհեստական օրակարգ նախաձեռնելու քաղաքականությունից»,- ասել է Միրզոյանը։

Նրա խոսքով, եթե Ադրբեջանը կառուցողական դիրքորոշում որդեգրի և իր զորքերը դուրս բերի Հայաստանի ինքնիշխան տարածքից, այսինքն՝ վերադառնա այս տարվա մայիսի 11-ի դրությամբ եղած դիրքեր, ապա բարենպաստ պայմաններ կստեղծվեն սահմանազատման և սահմանագծման գործընթաց սկսելու համար։

Նա նաև պատասխանել հարցին, կպահպանվի՞ արդյոք Ռուսաստանի մասնակցությամբ եռակողմ ձևաչափը, թե այդ գործընթացում կներգրավվեն Մինսկի խմբի մյուս միջնորդ երկրները, կամ միջազգային կազմակերպությունները, ինչպիսիք են՝ ՄԱԿ-ը կամ ԵԱՀԿ-ն։

«Նշված բանակցություններն ընթանում են ռուսական կողմի անմիջական մասնակցությամբ, և մենք հույս ունենք, որ այդ հարցի լուծումը հնարավոր կլինի այնպիսի քննարկումների ընթացքում, որի պարագայում Ձեր կողմից նշված կառույցներին դիմելու անհրաժեշտություն չի լինի», - ասել է նա։

Սեպտեմբերի 1-ին, ժամը 11։10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի են դիմել, հրաձգային զինատեսակներից և դիպուկահար հրացաններից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, 1982 թ. ծնված, կրտսեր սերժանտ Գեղամ Լյովայի Սահակյանը։

Օգոստոսի 16-ին Ադրբեջանի զինված ուժերը սադրանքների դիմեցին Հայաստանի սահմանամերձ շրջաններում` Արարատի մարզի Երասխ բնակավայրի, Սյունիքի Սև լճի և Գեղարքունիք գյուղերի ուղղությամբ` տեղի խաղաղ բնակչության դեմ: Ադրբեջանական զինված ուժերի տարբեր տրամաչափի զենքերից կրակոցները շարունակվեցին օգոստոսի 17 -ին Գեղարքունիքի Սոթքի հատվածում։