Բավ է պառակտվել
30-03-2023 10:27

Հայաստանը դեպի Լեռնային Ղարաբաղ ռազմական փոխադրումներ չի իրականացնում․ վարչապետ

Հայաստանը դեպի Լեռնային Ղարաբաղ ռազմական փոխադրումներ չի իրականացնում, հինգշաբթի կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ռազմական փոխադրումների մասին տեղեկատվությունը քարոզչական սուտ է, որի նպատակը հերթական ագրեսիայի լեգիտիմություն ստեղծելն է»,- ասաց նա։

Փաշինյանն ընդգծել է, որ այս փաստը ստուգելու համար ԼՂ միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելու առաջարկն Ադրբեջանն ինքն է մերժել 2022 թ հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպմանը:

«Բայց այդ առաջարկն ուժի մեջ է, և կարծում եմ՝ միջազգային մակարդակում այս հարցը վերջնականապես պարզաբանելու կարիք կա: Եվ դրա միջոցը Լաչինի միջանցք և ԼՂ փաստահավաք խումբ գործուղելն է»,-ասել է Փաշինյանը:

Վարչապետը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում գործում է Պաշտպանության բանակը, որի գոյությունը բացատրվում մի բանով՝ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայությանը ցեղասպանության ենթարկելու ակնհայտ նախապատրաստություններ է տեսնում:

«Մենք պետք է շարունակենք հետևողականորեն տեղեկացնել միջազգային հանրությանը այս մասին և աշխատել համապատասխան միջազգային մեխանիզմների կիրառման ուղղությամբ»,- ասել է։