Բավ է պառակտվել
20-03-2023 16:17

Հայաստանը երբեք չի հրաժարվել հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայելուց. Միրզոյան

Հայաստանը երբեք չի հրաժարվել սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայելուց։ Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Ավելին, որոշման նախագիծը սեղանին է, այս նախագծի ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ առանցքային էր այն, որ մեր ընկալմամբ ՀԱՊԿ գործընկերները կազմակերպության պատասխանատվության հստակ գոտին չէին ընդունում։ Մեր տեսանկյունից դա փոքր–ինչ խնդրահարույց էր»,- ասել է Միրզոյանը։

Լավրովն իր հերթին նշել է, որ ինքն ուրախ է, որ Հայաստանը չի հրաժարվել այդ գաղափարից։

«Որոշումը եղել է Միրզոյանի նախագահությամբ Երևանում կազմակերպության գագաթնաժողովի նախօրեին կայացած բազմաժամյա բանակցությունների առարկա։ Բոլոր նախարարները համաձայնեցրել են այն։ Այժմ քիչ է մնացել, պետք է ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներն իրենց ստորագրությունները դնեն։ Առաքելություն ուղարկելու հնարավորությունը պահպանվում է, ուստի ուրախ եմ, որ Հայաստանը չի հրաժարվել այս հնարավորությունից»,- ասել է նա։

Միաժամանակ Միրզոյանը մեկնաբանել է սահմանին ԵՄ առաքելության տեղակայումը։

«Հայաստանի հարաբերությունները Եվրոպայի հետ զարգանում են կառուցողակ ոգով, Հայաստանը շահագրգռված է դրանում, այդ թվում՝ օրենքի գերակայության և ժողովրդավարության ոլորտում առկա դրական դինամիկայի պահպանման համատեքստում։ Ինչ վերաբերում է ԵՄ դիտորդական առաքելությանը, ապա դրա մանդատը շատ հստակ ամրագրված է․ սա քաղաքացիական դիտորդական առաքելություն է, այն կրում է բացառապես քաղաքացիական բնույթ»,- ասել է նախարարը։