Բավ է պառակտվել
06-04-2023 16:12

Հայաստանը երբեք չի հրաժարվել ՀԱՊԿ դիտորդական առաքելություն տեղակայելուց. ԱԺ հանձնաժողովի նախագահ

Հայաստանը երբեք չի հրաժարվել ՀԱՊԿ դիտորդական առաքելությունն ընդունելուց, հինգշաբթի ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը։

«Ուղղակի այն փաստաթուղթը, որի հիման վրա պետք է առաքելությունը լիներ, շարունակվում է գտնվել լրամշակման փուլում։ Մեզ համար կարևոր է, որ կատարվեն այն արձանագրումները, որոնք պետք է օբյեկտիվորեն ներկայացնեն իրականությունը, թե ինչ է տեղի ունեցել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ»,- լրագրողներին ասաց պատգամավորը։

Խանդանյանի խոսքով, առանց ներկա իրավիճակի մանրամասն գնահատման, դժվար կլինի պատկերացնել այս առաքելության էությունը։

«Այնուամենայնիվ, Հայաստանը երբեք չի մերժել այդ առաքելությունը, Հայաստանը ցանկացել է, որ հստակորեն արձանագրվի խնդիրը»,- ասաց հանձնաժողովի նախագահը։

Նախօրեին ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Հայաստանում ՀԱՊԿ առաքելության հնարավոր տեղակայման ժամկետները կախված են հայկական կողմից։