Բավ է պառակտվել
03-09-2021 17:54

Գերիների վերադարձի հարցում Հայաստանը միջազգային գործընկերների աջակցության կարիքն ունի․ արդարադատության նախարար

Հայաստանի արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը խորը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում գտնվող հայ գերիների և պատանդների խոշտանգումների, անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի վերաբերյալ։

Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձը հայրենիք ժամ առաջ ապահովելու համար Հայաստանը միջազգային գործընկերների ամուր աջակցության և միջազգային ճնշումն ուժեղացնելու կարիքն ունի։ Այդ մասին ասել է ուրբաթ Հայաստանի արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի հետ հանդիպման ժամանակ։
Գերատեսչության մամլո ծառայությունը հայտնում է, որ նախարարը բարձր է գնահատել ԿԽՄԿ առաքելությունը Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց այցելելու, նրանց կապն ընտանիքի հետ ապահովելու հարցում։ Միաժամանակ Անդրեասյանը իր մտահոգությունն է հայտնել Ռիբոյին Ադրբեջանում գտնվող հայ գերիների և պատանդների խոշտանգումների, անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի վերաբերյալ։
ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարը ներկայացրել է հետպատերազմյան շրջանում կառույցի իրականացրած գործունեությունն ու անդրադարձել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։ Հյուրի խնդրանքով, ի թիվս այլ հարցերի, Կարեն Անդրեասյանն անդրադարձել է նաև Արդարադատության նախարարության բարեփոխումների օրակարգին և առանձնացրել քրեակատարողական համակարգի առողջացման ծրագիրը՝ ուղղված ոչ միայն ՔԿՀ-ներում պահվող անձանց իրավունքների պաշտպանությանն, այլև կառավարման համակարգի բարելավմանը։
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն ընդգծել են իրենց պատրաստակամությունը՝ երկու կառույցների միջև առկա համագործակցությունն առավել խորացնելու հարցում։
Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ ասել էր, որ, հաստատված տվյալների համաձայն, Ադրբեջանում պահվող գերիների թիվը 60 է: Իրավապաշտպանները կարծում են, որ Բաքվում պահվող գերիների իրական թիվը կարող է ավելի մեծ լինել: