Բավ է պառակտվել
23-05-2022 13:45

Հայաստանը վերջնականապես հրաժարվում է Ադրբեջանի կազմից դուրս Արցախի կարգավիճակի համար պայքարից և պատրաստ է հանձնել «անկլավները»․ թյուրքագետ

Հայաստանը վերջնականապես հրաժարվում է պայքարել Ադրբեջանի կազմից դուրս Արցախի կարգավիճակի համար։ Նման կարծիք է հայտնել թյուրքագետ Վարուժան Գեղամյանը, վերլուծելով Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները։

Մայիսի 22-ին Բրյուսելու կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։

«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է Գեղամյանի վերլուծությունն ամբողջությամբ։

Հայաստանը վերջնականապես հրաժարվում է պայքարել Ադրբեջանի կազմից դուրս Արցախի կարգավիճակի համար։ Բանակցություններում չկա Արցախի կարգավիճակի մասին ոչ մի խոսք, բացառապես խոսվում է «Ղարաբաղի շրջանում էթնիկ հայ բնակչության իրավունքների ու անվտանգության» մասին, ինչը լավագույն դեպքում ենթադրելու է հայերի՝ ազգային փոքրամասնության կարգավիճակով Ադրբեջանի կազմում ապրել, իսկ իրականում՝ Արցախի լիարժեք հայաթափում։ Ոչ մի խոսք նաև ազգերի ինքնորոշման իրավունքի մասին։
Ավելին, այլևս նույնիսկ չի կիրառվում «Լեռնային Ղարաբաղ» (Nagorno Karabakh) եզրը, որի հիմքում ընկած էր ԼՂ ինքնավար մարզի գաղափարը։ Բրյուսելյան հայտարարության մեջ նշված է պարզապես «Ղարաբաղի շրջան», որն արդեն հենվում է Ադրբեջանի վարչատարածքային բաժանման գաղափարի վրա և որևէ առանձին կարգավիճակ չի ենթադրում։
Պատրաստվում է «Խաղաղության պայմանագիր» Ադրբեջանի հետ, որի առանցքային դրույթը Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումն է՝ Արցախը ներառյալ։ Այս պատճառով էլ միայն այս պայմանագրի համատեքստում է նշվում Արցախի հայության «իրավունքների ու անվտանգության ապահովման» մասին, քանի որ այլ կարգավիճակ Արցախը չի ունենալու։
Հայտարարության մեջ նշվում է, որ կողմերը համաձայնել են «Ադրբեջանի տարածքով Հայաստանի տարբեր մասերի միջև տարանցման սկզբունքներին»։ Այս լղոզված ձևակերպումը փաստացի նշանակում է, որ Հայաստանը Ադրբեջանին է հանձնելու ՀՀ Տավուշի ու Արարատի մարզերում այսպես կոչված «անկլավները», որոնց միջով անցնում է Արարատի մարզը Վայոց Ձորին ու Սյունիքին կապով (Տիգրանաշենի հատվածը) և Տավուշի հյուսիսն ու հարավն իրար կապող մեր հիմնական ճանապարհները, որոնք նաև մեր մայրուղիներն դեպի Իրան և Վրաստան։ Այսինքն տարածքը հանձնվելու է Ադրբեջանին, որից հետո մենք հատուկ թույլտվությամբ ու վերահսկողության ներքո անցնելու ենք մարզից մարզ։ Տեղին է հիշել նույն ճակատագրին արժանացած Գորիս-Կապան ճանապարհը։

Բրուսելյան հանդիման մասին

Ինչպես ասվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունում՝ Փաշինյանն ու Ալիևը համաձայնության են եկել տարանցման կարգավորման սկզբունքների վերաբերյալ՝ արևմտյան Ադրբեջանի և Նախիջևանի, Ադրբեջանի տարածքով՝ Հայաստանի տարբեր մասերի, ինչպես նաև երկու երկրների հաղորդակցության ենթակառուցվածքների միջոցով միջազգային բեռնափոխադրումների շուրջ:

Նրանք նաև պայմանավորվել են շարունակել Հայաստանի և Ադրբեջանի միջև ապագա խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումները, որով կարգավորվելու են միջպետական հարաբերությունները։ Միշելն ընդգծել է «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքների ու անվտանգության ապահովման անհրաժեշտությունը»։