Բավ է պառակտվել
21-09-2017 14:02

Հայաստանը տոնում է անկախության 26- ամյակը

Այսօր Հայաստանի Հանրապետությունը տոնում է անկախության 26–ամյակը։ 1991թ. այս օրը Հայաստանի Գերագույն խորհրդի որոշմամբ՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետականություն հաստատելու վերաբերյալ հանրաքվե անցկացվեց:

Համազգային քվեարկությունն անցավ ազգային շարժման ոգով: Անկախացմանը կողմ քվեարկեց գրեթե ողջ բնակչությունը՝ երկրի քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիների մոտ 99%-ը:

Անկախությունը երկրի խորհրդարանի կողմից պաշտոնապես հռչակվեց սեպտեմբերի 23-ին:

Ավանդաբար, Անկախության օրվան նվիրված միջոցառումներն անցնում են ողջ երկրով մեկ: Այս օրը Հանրապետության նախագահը բարձր պարգևներ է շնորհում պաշտպանության, տնտեսության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում գրանցած նվաճումների համար:

Այս տարի տոնը համընկավ «Հայաստան–Սփյուռք» խոշորագույն միջազգային համաժողովի հետ, որի մասնակիցներն այլ հարցերի հետ մեկտեղ քննարկել են Հայաստանի Առաջին Հանրապետության (1918-1920 թթ.) հռչակման 100-ամյակին և Երևանի (Էրեբունի) հիմնադրման 2800–ամյակի տոնակատարությունների նախապատրաստությանը վերաբերվող հարցեր։

Այս օրը հատկապես հագեցած կլինի մշակութային միջոցառումներով: Կլինեն տարատեսակ համերգներ, ներկայացումներ, շոուներ՝ այդ թվում նաև բաց երկնքի տակ:

Պատմությունը.

Ժամանակակից Հայաստանը ընդունված է համարել Երրորդ Հանրապետություն: Մինչ այս եղել են Առաջին Հանրապետությունը (1918-1920 թթ.) և Հայկական ԽՍՀ-ն (1920-1991 թթ.):

Հայկական պետականությունը վերականգնվել է XX-րդ դարի սկզբներին՝ Ռուսական կայսրության փլատակների վրա: Մինչ այդ հայ ժողովուրդը բազմադարյա պայքար է մղել իր գոյության և ազգային ինքնության պահպանության համար:

Հայերն ունեն իրենց պատմամշակութային շրջանակներից դուրս սեփական պետություն ստեղծելու յուրահատուկ փորձ:

Այսպես, պատմական տարածքներում հայկական պետությունների անկումից հետո (XI – XII դդ.) հայկական անկախ պետականությունը վերածնվել է Հայաստանի սահմաններից դուրս` Կիլիկիայում: Կիլիկիայի Հայոց թագավորությունը Միջերկրածովյան ամենազարգացած պետություններից էր, խաչակիրների և հրեա թագավորների դաշնակիցն էր, որն իր գոյությունը պահպանեց մինչև 14-րդ դարի վերջը:

Երկար տարիներ Հայաստանը զորեղ կայսրությունների արյունալի պատերազմների մարտադաշտ էր: Կիսանկախ հայկական դքսությունները կարողանում էին դիմակայել բազմակի անգամներ ավելի զորեղ թշնամիների ճնշումներին:

Հայ ժողովուրդը վերապրել է կոտորած, և 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը:Բայց անգամ ծանրագույն պայմաններում հայերը պահպանել և զարգացրել են սեփական մշակույթը, արվեստը, գիտությունը, լեզուն և ավանդույթները։

Բավական է հիշել միայն, որ հայերեն առաջին տպագիր տեքստը հայտնվել է գրատպության արշալույսին` XV դարի վերջին, իսկ արդեն 1512 թ. Հակոբ Մեղապարտը հրատարակեց տպագիր «Ուրբաթագիրքը»։

Հայաստանում հաջողությամբ զարգանում էր աստղագիտությունը, մաթեմատիկան, բժշկությունը, փիլիսոփայությունը: Հայկական մշակույթի անգին ժառանգություններից է նրա անկրկնելի ճարտարապետությունը:

Հայերը, թերևս, միակ ժողովուրդն են, ով չունենալով պետականություն, ապագա երկրի համար Սահմանադրություն է ստեղծել։ Դա Հովսեփ Էմինի, Տեր Մովսեսի, Գրիգոր Խոջաջանյանի և Շահամիրյանների « Արևմտյան փառասիրություն» աշխատությունն է: Այն հրատարակվել է դեռևս Ֆրանսիական հեղափոխությունից առաջ՝ 1773թ., բայց դեռ այն ժամանակ ապագա հայկական պետության հիմքում դրվել են հանրապետական սկզբունքներ:

XX -րդ դարի վերջում հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի գագաթնակետը դարձավ Ղարաբաղյան շարժումը, որն աճեց և վերածվեց լայնածավալ ռազմական գործողությունների, որոնք ավարտվեցին 1994 թ. մայիսին՝ Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի համաձայնագրի ստորագրմամբ:

Նոր, անկախ Հայաստանին բաժին հասավ ծանր ժառանգություն` պատերազմ Ղարաբաղում, աշրջափակում, 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի ավերիչ հետևանքներ, տնտեսության ավերված վիճակ, որը ԽՍՀՄ փլուզման և խորհրդային հանրապետությունների միջև գոյություն ունեցած տնտեսական կապերի խզման հետևանք էր:

Բայց արդեն 90-ականների երկրորդ կեսից փլուզված տնտեսությունը սկսեց վերականգնվել, հաջողվեց ակտիվացնել արտաքին քաղաքական գործունեությունը, երկրի մակարդակը բարձրացնել միջազգային ասպարեզում:

Հայաստանը հանդիսանում է Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը, ՀԱՊԿ-ի և ԵՏՄ-ի ակտիվ անդամ։ Միևնույն ժամանակ, երկիրը համագործակցում է նաև ԵՄ-ի հետ, որի հետ այս տարվա նոյեմբերին նախատեսվում է համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրում: Երկիրը համագործակցում է նաև ԱՄՆ-ի, Չինաստանի, Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի առաջատար պետությունների հետ։

Նախագահներն ու վարչապետները

Հայաստանի քառորդ դարյա անկախության ընթացքում երկիրն ունեցել է երեք նախագահ, որոնց թվում է ներկայիս առաջնորդը, և 14 վարչապետ։

1991թ. նորանկախ Հայաստանի առաջին նախագահ ընտրվեց Լևոն Տեր–Պետրոսյանը։ 1998 թ.-ին ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ երկրի ղեկավարության մոտ առկա տարաձայնությունների պատճառով նա ժամկետից շուտ հրաժարական տվեց:

Նրան փոխարինելու եկավ ԼՂՀ նախկին առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը (1998-2008)։

Երկրի ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանն ընտրվել է 2008 թ.-ին, նրա լիազորությունների ժամկետը լրանում է 2018 թ.-ին։ Հենց այդ ժամանակ Հայաստանը վերջնականապես կանցնի կառավարման խորհրդարանական կարգին, որի ժամանակ գերակշռող կլինի երկրի խորհրդարանի և կառավարության դերը:

25 տարիների ընթացքում Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 14 գործիչ։ 1990 թ. սեպտեմբերի 1-ին, դեռ անկախության հռչակումից առաջ, կառավարության առաջին առաջնորդ դարձավ Հայաստանի հանրային խորհրդի ներկայիս ղեկավար Վազգեն Մանուկյանը, ով պաշտոնավարեց մինչև 1991 թ. հունվարի 30–ը։

1991-1992 թվականներին վարչապետի պաշտոնը զբաղեցրել է Գագիկ Հարությունյանը ( Սահմանադրական դատարանի ներկայիս նախագահ), ով 1991-1995 թվականներին եղել է նաև Հայաստանի փոխնախագահ (այդ պաշտոնը վերացվել է 1995 թվականի Սահմանադրությամբ):

Երկրի կառավարությունը նաև գլխավորել են` Խոսրով Հարությունյանը (1992-1993), Հրանտ Բագրատյանը (1993-1996), Արմեն Սարգսյանը (1996-1997), Ռոբերտ Քոչարյանը (1997-1998), Արմեն Դարբինյանը (1998-1999), Վազգեն Սարգսյանը (1 հունիսի 1999 - 27 հոկտեմբերի 1999, սպանվել է խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ), Արամ Սարգսյանը (Վազգեն Սարգսյանի եղբայրը, 1 նոյեմբերի 1999 - 30 ապրիլի 2000), Անդրանիկ Մանուկյանը (2000-2007), Սերժ Սարգսյանը (2007-2008), Տիգրան Սարգսյանը (2008-2014), Հովիկ Աբրահամյանը (2014-2016):2016 թվականի սեպտեմբերի 13-ին Հայաստանի 14-րդ վարչապետ նշանակվեց Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը:

Անկախ Հայաստանի Սահմանադրությունն ընդունվել է 1995 թ. հուլիսի 5-ին: Հիմնական Օրենքում փոփոխությունները կատարվել են երկու անգամ` 2005 թվականի նոյեմբերի 27-ին և 2015 թվականի դեկտեմբերի 6-ին: Վերջին բարեփոխումները նախատեսում են երկրի անցումը կիսանախագահական կառավարումից խորհրդարանականի: