Բավ է պառակտվել
26-10-2022 20:24

Հայաստանը ՀԱՊԿ-ից ակնկալում է հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնման ճանապարհային քարտեզ․ Փաշինյան

Հայաստանը ՀԱՊԿ-ից ակնկալում է հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնման ճանապարհային քարտեզ։ Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն հինգշաբթի խորհրդարանում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին։

«Մենք դիմել ենք ՀԱՊԿ-ին, նաև ՀԱՊԿ կոլեկտիվ անվտանգության խորհրդի նիստում կայացվել է որոշում, որի արդյունքում խումբ է եկել Հայաստան, տեղում դիտարկել և գնահատել իրավիճակը:Առաջիկայում նախաձեռնում ենք կոլեկտիվ անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որպեսզի քննարկենք այդ զեկույցը»,- ասաց վարչապետը:

Նա հույս հայտնեց, որ այդ նիստը հնարավորինս արագ տեղի կունենա։

«Շատ հստակ ակնկալիք կա. առաջինը, որ ՀԱՊԿ-ն հստակ քաղաքական գնահատական կտա տեղի ունեցածին և երկրորդը՝ կընդունի ճանապարհային քարտեզ Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու վերաբերյալ»,- ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ դա Հայաստանի հանրության, ժողովրդի ակնկալիքն է։

Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի մասին

Սեպտեմբերի 13-14-ը ադրբեջանական զինուժը լայնածավալ ագրեսիա է ձեռնարկել Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ՝ կիրառելով խոշոր տրամաչափի զենքեր, հրետանի, հրթիռային համակարգեր և անօդաչու սարքեր։

Ադրբեջանական զինուժը հրետակոծել է Հայաստանի 36 բնակավայր, այդ թվում՝ Գորիս, Սիսիան, Կապան, Ջերմուկ, Վարդենիս, Տեղ, Գեղամասար համայնքները, ինչի հետևանքով ամբողջությամբ կամ մասնակի այրվել է ավելի քան 190 բնակելի տուն, էներգետիկ ենթակառուցվածքներ, ջրամատակարարման օբյեկտներ, գազատարներ, կամուրջ և ավտոճանապարհներ։

Վերջին տվյալներով՝ հայկական կողմից զոհվել կամ անհետ կորել է 207 մարդ, այդ թվում՝ զոհվել է 4 խաղաղ բնակիչ, 2 խաղաղ բնակչի գտնվելու վայրը հայտնի չէ։ 293 զինծառայող և 8 խաղաղ բնակիչ վիրավորվել է, շուրջ 20 զինծառայող գերի ընկել։ Ապացույցներ կան ադրբեջանցիների կողմից գերի ընկած կամ վիրավորված հայ զինվորների խոշտանգումների, անդամահատման, և, այսպիսով՝ անօրինական սպանությունների դեպքերի մասին։

ՀԱՊԿ-ին Հայաստանի դիմումի մասին

Սեպտեմբերի 13-ի գիշերը՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիան սկսելուց մի քանի ժամ անց, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած Հայաստանի անվտանգության խորհրդի նիստում որոշվել է դիմել ՀԱՊԿ։ Ավելի ուշ Փաշինյանը հայտնեց, որ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին 4-րդ հոդվածով, որը ենթադրում է Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնում և երկրից Ադրբեջանի զինված ուժերի դուրսբերման ապահովում։

Սեպտեմբերի 13-ին, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը տեսակոնֆերանսի միջոցով արտահերթ նիստում որոշել է կազմակերպության առաքելություն ուղարկել Հայաստան՝ գնահատելու իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին սրման հետ կապված։ Բացի այդ, նիստում որոշվել է Քարտուղարության աշխատակազմից և Միացյալ շտաբի զինվորականներից աշխատանքային խումբ ստեղծել՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պատասխանատվության գոտում իրավիճակի մշտական մոնիտորինգի նպատակով։

Սեպտեմբերի 15-ին ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը հայտարարեց, որ Հայաստան խաղաղապահ առաքելություն ուղարկելու հարց օրակարգում դեռևս չկա։

Նույն օրը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման համաձայն, մոնիտորինգային առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստան է ժամանել ՀԱՊԿ Միացյալ շտաբի օպերատիվ խումբը՝ Սիդորովի գլխավորությամբ։ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 19-ին տեղեկացվել է հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում ստեղծված իրավիճակի վերլուծության արդյունքների, հիմնական եզրակացությունների և համապատասխան միջոցառումների առաջարկների մասին։ Խումբը Մոսկվա է վերադարձել սեպտեմբերի 20-ին։ Այնուհետև Հայաստան է այցելել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորած պատվիրակությունը։