Բավ է պառակտվել
11-10-2022 15:41

Հայաստանն անվտանգության հարցերում արդյունավետ համագործակցություն է ակնկալում ռուս գործընկերներից․ Ալեն Սիմոնյանը՝ «եդինոռոսներին»

Հայաստանը ռուս գործընկերներից ակնկալում է արդյունավետ և անկեղծ համագործակցություն անվտանգային և տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու հարցերում։ Այս մասին ՌԴ Պետդումայում «Եդինայա Ռոսիա» խմբակցության անդամների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Հիմա մենք ապրում ենք շատ բուռն ժամանակաշրջանում, որն ուղղակիորեն ազդում է երկրների և ժողովուրդների վրա»,- Սիմոնյանի խոսքերն է մեջբերում Հայաստանի խորհրդարանի մամլո ծառայությունը։

Երկու երկրների խորհրդարանականները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։ Սիմոնյանը տեղեկացրել է, որ սահմանում ադրբեջանական ԶՈւ-ն երեկ կրկին հրաձգություն է իրականացրել:

Հայկական կողմը ռուս գործընկերների ուշադրությանն է ներկայացրել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առողջարանային Ջերմուկ քաղաքում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև ենթակառուցվածքներին հասցված վնասները։

«Եդինայա Ռոսիա» խմբակցության ղեկավար Վլադիմիր Վասիլևը նշել է, որ կուսակցությունը պատրաստ է հայկական կողմի բարձրացրած հարցերի շուրջ տարբեր ձևաչափերով քննարկման և խորհրդակցությունների։

Զրույցի ընթացքում ռուս գործընկերները նշել են համատեղ նախագծերի հաջող իրականացման փաստը, մասնավորապես, բարձր է գնահատվել միջխորհրդարանական բարեկամության խմբերի փոխգործակցությունը։ Քննարկվել են ռուսաստանաբնակ հայերի կյանքին վերաբերող հարցեր։

Ավելի վաղ աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի խորհրդարանական պատվիրակության անդամները հանդիպել են ՌԴ ԴԺ Պետական դումայի «ՌԴ կոմունիստական կուսակցություն» (КПРФ), «Նոր մարդիկ» («Новые люди»), «Արդար Ռուսաստան-հանուն ճշմարտության» («Справедливая Россия-за правду») և Լիբերալ-դեմոկրատական (ЛДПР) կուսակցությունների ներկայացուցիչների հետ: