Բավ է պառակտվել
09-07-2022 12:56

Հայաստանն ակնկալում է Թուրքիայից հարաբերությունների կարգավորման ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն․ Միրզոյան

Հայաստանի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, և մեր կառավարության ծրագրում նույնպես նշված է, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և երկու երկրների միջև սահմանի բացմանը, որը Թուրքիան միակողմանի փակել էր դեռևս 1993 թվականին։ Այս մասին հունական «Կաթիմերինի» թերթին տված հարցազրույցում ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Այսօր այս գործընթացում հաջողելու համար անհրաժեշտ է հարաբերությունների կարգավորման ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն և քաղաքական կամք։ Հայկական կողմը բազմիցս ի ցույց է դրել երկուսն էլ, և մենք նույնը ակնկալում ենք թուրքական կողմից։»,- ասել է նա։

Պատասխանելով հարցին, թե ինչպիսին է Հայաստանի դիրքորոշումն այս պահին Հունաստանի ամենազգայուն հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են հույն-թուրքական սահմանին շարունակաբար աճող լարվածությունը և Կիպրոսի հարցը։, Միրզոյանը նշել է, որ Հայաստանը լիովին աջակցում է Հունաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը.

«Հայաստանն անընդունելի է համարում ցանկացած գործողություն և քայլ, որը կարող է կոպտորեն խախտել միջազգային իրավունքի նորմերը, միջազգային ծովային իրավունքը, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրությունը»,- ընդգծել է նա։

Կիպրոսի խնդրի համատեքստում ՀՀ ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ ինչպես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրում, այս հարցում ևս Հայաստանի համար անընդունելի է ուժի կիրառման հետևանքները որպես լուծում ներկայացնելու ցանկացած փորձ։

«Հայաստանն ու Կիպրոսը մշտապես փոխադարձ աջակցություն են ցուցաբերել միմյանց երկկողմ և բազմակողմ հարթակներում»,- ասել է Միրզոյանը։