Բավ է պառակտվել
16-02-2023 11:54

Հայաստանը Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի նոր խմբագրությունը․ Փաշինյան

Հայաստանը Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի նոր տարբերակը՝ իր առաջարկներով, կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանը երեկ ավարտել է Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի նախագծի հերթական փուլի աշխատանքները, և մեր առաջարկները փոխանցված են ադրբեջանական կողմին: Առաջարկներ ասելով՝ պետք է նկատի ունենալ ամբողջական փաստաթղթի նախագիծը՝ մեր առաջարկներով: Փաստաթուղթը փոխանցել ենք նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին»,-ասաց Փաշինյանը:
Հայկական կողմը նախագծի վրա աշխատում է հետևյալ տրամաբանությամբ՝ ստանալ մի փաստաթուղթ, որը ցանկացած պահի պատրաստ է ստորագրել:
«Հասկանալի է, իհարկե, որ այդ փաստաթուղթը պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի համար:Եվ մենք հույս ունենք, որ արդեն 3 փուլ բանակցությունների արդյունքում նկատված որոշակի առաջընթացը հնարավոր կլինի զարգացնել: Մեր տեսլականը հետևյալն է՝ փաստաթուղթը պետք է պարունակի պայմանավորվածությունների այնպիսի տրամաբանություն, հակակշիռների և զսպումների այնպիսի գործուն համակարգ, որը կբացառի տևական և կայուն խաղաղության խաթարման որևէ սցենար: »,-ընդգծեց վարչապետը:
Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ պատրաստ է օր առաջ ստորագրելու խաղաղության հաստատման այնպիսի պայմանագիր, որը տևական և կայուն խաղաղության երաշխիք կդառնա: «Ես պատրաստ եմ վերցնել ու կրել այդպիսի պատասխանատվություն»,- ասաց Փաշինյանը։